Հայկական կողմի զոհերի և անհետ կորածների թիվը գերազանցել է 210-ը, վիրավոր է 293 զինվոր, 8 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1

Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին խոսել է նաև սեպտեմբերի 13-ի՝ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային Հայաստանի դեմ, որի ժամանակ, օգտագործելով ծանր հրետանի, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և մարտական անօդաչու թռչող սարքեր, ադրբեջանական զինուժը գնդակոծել էր Հայաստանի ինքնիշխան տարածքի 36 բնակավայր և համայնք, այդ թվում՝ Գորիս, Ջերմուկ, Վարդենիս, Կապան քաղաքները, Գեղամասար բնակավայրը։

«Սա ոչ թե սահմանային ընդհարում կամ բախում էր, այլ՝ ուղղակի, անհերքելի հարձակում Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»,-ասել է նա։

Ադրբեջանական հարձակումը միտումնավոր ուղղված է եղել խաղաղ բնակչության և կենսական կարևորություն ունեցող քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ։ Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից ժամանակավոր տեղահանվածների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 7600 մարդ՝ հիմնականում կանայք և ծերեր, ինչպես նաև 1437 երեխա և 99 հաշմանդամ»,-ասել է նա և անդրադարձել զոհերի ու անհետ կորածների թվին։

«Ագրեսիայի հետևանքով զոհերի և անհայտ կորածների թիվն այժմ գերազանցել է 210-ը, որից՝ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը՝ անհայտ կորել։ Վիրավորվել է 293 զինծառայող և 8 խաղաղ բնակիչ։ Անհայտ կորած զինծառայողների թիվը 28 է։

Ադրբեջանական կողմն ինքը տարածել է խոշտանգումների, գերեվարված անձանց կամ արդեն մահացած զինվորականների մարմինների խեղման շոկային տեսանյութեր, հայ ռազմագերիների նկատմամբ արտադատական հաշվեհարդարի և դաժան վերաբերմունքի բազմաթիվ դեպքեր, սպանությունների, ինչպես նաև մահացածների մարմինների նկատմամբ նվաստացնող վերաբերմունք: Հայ կին զինծառայողների մարմինները խեղվել են առանձնակի դաժանությամբ, ապա «հպարտությամբ» նկարահանվել ադրբեջանցի զինվորների կողմից։ Այս ակնհայտ պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունների տեսանյութերը տարածվում են և արժանանում սոցցանցերի մի շարք ադրբեջանցի օգտատերերի բարձր գնահատականին»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

--00—ԼՄ