Շուշիի 4 գյուղերում ապրանքների տրամադրման կտրոնային համակարգի փոխարեն այլ ծրագիր կներդրվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

photo_2023-01-21_14-56-48

Լաչինի միջանցքի փակման հետեւանքով Արցախի հայկական վերահսկողության հատվածից կտրված 4 գյուղում սննդամթերքի, պարենի, գազի, հոսանքի խնդիր չկա, դրանցում չի գործում ապրանքների տրամադրման կտրոնային համակարգը, քանի որ կարիքը չկա: Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը՝ անդրադառնալով շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերում առկա իրավիճակին։

«Այդ գյուղերում այլ ծրագիր է գործելու, քանի որ կապ ունեն Հայաստանի հետ։ Սննդամթերքի և այլնի պակաս չկա»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դեռ որոշված ծրագիր չկա։

Շուշիի ղեկավարն ասաց` քանի որ Հայաստանն Արցախին կապող ճանապարհը կառուցելիս գազի խողովակները ապամոնտաժվել են, 2 գյուղ հասցրել են գազով ապահովել, իսկ մյուս 2 գյուղերում այս տարի կշարունակվեն այդ աշխատանքները։

«Գյուղերում լույսը կա, գազը կա, ինչպես բնականոն կյանքով ապրում էին, շարունակում են ապրել ավելի լավ, քան մեզ մոտ։ Տեղ գյուղով գնում են Գորիս, ամեն ինչ ձեռք են բերում, ամեն ինչով ապահովում ենք, բժշկական կենտրոնները դեղերով ապահովում ենք։ Այնպես որ, ոչ մի խնդիր չկա։ 1000 անգամ ավելի լավ են ապրում, քան Ստեփանակերտում»,- եզրափակեց Գրիշա Հովհաննիսյանը։

Սերգեյ Առաքելյան

--00—ՅՄ