Եթե ճգնաժամի պատճառով Արցախում կրճատումներեն եղել, ապա այդ աշխատողներին աջակցություն կտրամադրվի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

1104090.jpg

Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության Աշխատանքի և զբաղվածության բաժնում 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառվել է 1102 գործազուրկ: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը:

«Աշխատանքի և զբաղվածության բաժին այցելած աշխատանք փնտրողներին առաջարկվում է գործատուների կողմից բաժնին ներկայացված թափուր աշխատատեղերի մասին տվյալներ, որոնք պարբերաբար թարմացվում և տեղադրվում են նախարարության պաշտոնական կայքէջում: Աշխատանք փնտրողներին հարմար աշխատանքի առկայության դեպքում նրանց ուղղորդում են համապատասխան գործատուների մոտ: Միաժամանակ աշխատանք փնտրող անձանց առաջարկվում է որպես գործազուրկ հաշվառվել բաժնում՝ հետագայում հարմար աշխատանքի առկայության դեպքում տեղեկացվելու նպատակով»,-մանրամասնեց նախարարը՝ նշելով նաև, որ նախատեսվում է իրականացնել շրջափակման հետևանքները մեղմելուն ուղղված սոցիալական երեք ծրագիր:

Մասնավորապես՝ եթե ճգնաժամի պատճառով տնտեսվարողները ստիպված են եղել գնալ ազատումների և կրճատումների, ապա այդ աշխատողներին հունվար ամսվա համար նվազագույն աշխատավարձի չափով աջակցություն կտրամադրվի: Այն աշխատողները, ովքեր աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել շրջափակման հետևանքով տուժած ոլորտների, տնտեսվարող սուբյեկտների հետ և ազատվել են աշխատանքից կամ ավարտվել է քաղաքացիաիրավական պայմանագրի գործողության ժամկետը, նրանք կդիմեն նախարարություն և կստանան մինչև 68000 դրամ աջակցություն: Եթե աշխատավարձը 68000-ից ցածր էր, ապա աշխատավարձի չափով կվարձատրվեն, եթե բարձր՝ 68000 դրամ: Սոցիալական ոլորտում նախատեսվող երկրորդ ծրագիրը վերաբերում է 2022-ի դեկտեմբերի 12-ից մինչև ընթացիկ տարվա փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում գրանցված աշխատանք չունեցող անձանց. յուրաքանչյուր երեխայի հաշվով պետությունը նրանց տրամադրելու է միանվագ ֆինանսական աջակցություն: Եթե մինչև 18 տարեկան անչափահաս երեխա ունեցող ընտանիքում ծնողներից երկուսը չեն աշխատում, ապա յուրաքանչյուր երեխայի մասով կտրամադրվի 40000-ական դրամ աջակցություն, եթե ծնողներից մեկը չի աշխատում, ապա` 20000 դրամ, եթե երեխայի միակ ծնողը չի աշխատում, այդ ընտանիքը ևս կստանա 40 000 դրամի չափով ֆինանսական աջակցություն:

Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ որոշումն արդեն շրջանառության մեջ է և առաջիկա օրերին կներկայացվի հաստատման: Անդրադառնալով սոցիալապես անապահով խավի համար այս օրերին իրականացվող ծրագրերին՝ Արմեն Մանգասարյանը նշեց, որ բոլոր այն ծրագրերը, որոնք նախատեսված են սոցիալական տարբեր խմբերի համար, շարունակվում են կյանքի կոչվել: «Բացի դրանից, վերակազմակերպվել է «Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոն»-ի աշխատանքը: Ստեղծվել է արագ արձագանքման խումբ, որի միջոցով թեժ գիծ կամ անձամբ նախարարություն դիմած քաղաքացիների խնդիրներին տրվում են համապատասխան լուծումներ, անհրաժեշտության դեպքում տրամադրվում է նյութական, առանձին դեպքերում՝ ֆինանսական օժանդակություն»,-հավելեց նա:

Արմեն Մանգասարյանը հայտնեց նաև, որ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման այս օրերին սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների որոշ տեսակների վաճառքի և ձեռքբերման հատուկ կարգի կիրառմամբ պայմանավորված աշխատանքների համակարգման նպատակով օպերատիվ շտաբին կից ստեղծվել է հանձնաժողով՝ իր նախագահությամբ: Ըստ այդմ՝ շրջափակման ընթացքում նախարարությունը շարունակել է իրականացնել ինչպես իր հիմնական գործառույթները, այնպես էլ օպերատիվորեն արձագանքում է սոցիալական տարբեր խավերի կարիքների բավարարմանը՝ ըստ անհրաժեշտության աջակցություն ցուցաբերելով նրանց:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում։ 

--00—ԶՀ