Արցախի նախագահի այցը ՌԴ կապ չունի Սահմանադրության փոփոխությունների հետ․ պատգամավոր

 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

Ա

Սահմանադրական փոփոխությունները հետագայում ճգնաժամերի կամ պետական կառավարման համակարգի ռիսկերը կառավարելու հետ են կապված։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը՝ անդրադառնալով նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Սահմանադրության փոփոխության գործընթաց նախաձեռնելուն։

Երեկ հայտնի դարձավ, որ Արայիկ Հարությունյանի հրամանագրի համաձայն՝ նախաձեռնվել է Սահմանադրության փոփոխություն՝ ռազմական դրության ժամանակ Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում ԱԺ-ի կողմից Նախագահի ընտրության և դրա առանձահատկությունների վերաբերյալ:

ԱԺ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը նշեց, որ այս գործընթացը կապ չունի Արայիկ Հարությունյանի՝ հնարավոր հրաժարականի մտադրության, Մոսկվա այցելության հետ։

Անդրադառնալով Բերձորի (Լաչինի) միջանցը վերաբացելու բանակցություններին՝ պատգամավորն ասաց, որ այս պահի դրությամբ որևէ առարկայական առաջընթաց չկա․ «Բանակցությունները ռուս խաղապահների կողմից շարունակվում են։ Գազամատակարարումն ամբողջությամբ խափանված է, էլեկտրաէներգիան մեր ներքին ռեսուրսների հաշվին է, Հայաստանից Արցախ եկող գիծը վերականգնված չէ»։

Ինչ վերաբերում է Արցախում ապրանքների տրամադրման գործընթացին, պատգամավորը նշեց, որ սննունդը պետական պահուստից տալոնային (կտրոնային) համակարգով արդեն ավարտին է մոտենում․ «2-րդ փուլը փետրվարի 20-ից է սկսելու։ Եւս 4 ապրանքատեսակ է ավելանալու, այսինքն՝ 9 ապրանքատեսակի մասով է լինելու կտրոնային համակարգը։

Հումանիտար ճգնաժամը շարունակվում է։ Եվ միայն պետական պահուստներից է սննդի, առաջին անհրաժետության ապրանքների մատակարարումն իրականացվում»։ Կտրոնային 5 ապրանքատեսակին [բրինձ, մակարոնեղեն, հնդկաձավար, շաքարավազ, ձեթ] ավելանալու են հետևյալ 4 ապրանքատեսակը՝ ձու, լվացքի փոշի, բանջարեղեն, միրգ: «Որոշ ապրանքատեսակներ կան, որոշների դեպքում խնդիր կա։ Կարմիր խաչի կամ ռուս խաղաղապահների միջոցով նաև որոշակի համալրումներ կան։»,- եզրափակեց Արթուր Հարությունյանը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ