Կլաարն իր անհասցե կոչով նոր հնարավորություն է տալիս Բաքվին անպատիժ գործել․ Արցախի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

ԱՐ

Տոյվո Կլաարը նույն ոճն է շարունակում, այսինքն՝ անհասցե հայտարարություններ անելով՝ հնարավորություն է տալիս Ադրբեջանին շարունակել իր ահաբեկչական քաղաքականությունը։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական «Ազատ հայրենիք - ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը՝ անդրադառնալով Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գնահատականին ադրբեջանական դիվերսիոն հարձակման (մարտի 5-ին Ստեփանակերտի «Խայփալու» կոչվող տեղանքում) վերաբերյալ։

«Կոնկրետ դեպքը կա՝ տեսախցիկներով և ամեն ինչով արձանագրված։ Եվ անհասցե այդպիսի հայտարարություն անելը հնարավորություն է բացում Ադրբեջանի թողտվության համար։ Նոր հնարավորություն է բացում, որ Ադրբեջանը կարողանա առանց պատժվելու, միջազգային հանրության կողմից առանց առարկայական որևէ քայլի շարունակել իր քաղաքականությունը»,- հավելեց Հարությունյանը։

Ինչ վերաբերում է Կլաարի այն հայտարարությանը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հավատարիմ է հակամարտության հետևանքները վերացնելու գործընթացին, ապա արցախցի պատգամավորն ասաց, որ այսպիսի հայտարարություն անելու հիմք չի տեսնում․ «Եթե կա նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, որն արդեն որերորդ անգամ կոպտորեն խախտվում է։ Նշում է, որ Ալիևը հավատարիմ է գործընթացին․ ի՞նչի մասին կարող է խոսք լինել, ի՞նչ պարտավորությունների կատարման մասին է կարող խոսք լինել»։ Հարությունյանն ընդգծեց, որ այսպիսի հայտարարությունների մեջ տեսնում է կողմնակալություն։ «Կան որոշակի շահեր, որոշակի ակնկալիքներ կան՝ Ադրբեջանից կապված էներգառեսուրսների հետ։ Փորձում են խեղաթյուրել փաստերը և ներկայացնել, որ կա կառուցողական դիրքորոշում տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Եթե կան միջադեպեր, կա շրջափակում, կա Հաագայի միջազգային դատարանի որոշում, որը չի կատարվում, ի՞նչ պարտավորությունների կատարման մասին է խոսքը գնում։ Ակնհայտ են կողմնակալության դրսևորումները»,- եզրափակեց Արցախի իշխանական պատգամավորը։

Մարտի 5-ի ադրբեջանական դիվերոսիոն հարձակումը, որի հետևանքով սպանվել էր 3 արցախցի ոստիկան,Կլաարը որակել էր «արյունալի միջադեպ»։ Երեկ էլ ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը հրապարակել էր հարցազրույց, որում Կլաարը, ի թիվս այլնի, անդրադարձել էր հայ-ադրբեջանական հակամարտության հետևանքները վերացնելու թեմային։ «Դա ժամանակ է պահանջում։ Էական է, որ Երևանի և Բաքվի ղեկավարներն ունեն քաղաքական կամք՝ վերացնելու հակամարտության հետևանքները։ Այս տեսանկյունից կարծում ենք, որ նախագահ Ալիևը հավատարիմ է այդ գործընթացին, իսկ վարչապետ Փաշինյանը պարտավորություններ ունի»,- ընդգծել էր ԵՄ-ի դիվանագետը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ