Վանաձորում պարեկները 32-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ,թմրամիջոց և դանակներ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

1105038

Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները փետրվարի 24-ին ժամը 01.00-ին Վանաձոր քաղաքի Անտոն Քոչինյանի հրապարակի մոտակայքում ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-211440» մակնիշի մի մեքենա: Պարեկները վարորդին առաջարկել են բացել պարանոցին գցած պայուսակը, սակայն նա դիմել է փախուստի:

Պարեկները հետապնդել, ձերբակալել և, «ՎԱԶ-211440»-ով հանդերձ, ոստիկանության Բազումի բաժին են տեղափոխել նրան:

Խուզարկությամբ վանաձորցի 32-ամյա երիտասարդի պայուսակում հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ, «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով, ծխախոտի տուփ, որի մեջ եղել է կաթուցիչ՝ 4.45 գրամ դեղնականաչավուն զանգվածով, 2,78 գրամ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ, իսկ գոտկատեղից հայտնաբերվել է դանակ:

«ՎԱԶ-211440»-ը տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն:

--00—ՅՄ