Ակադեմիական քաղաքը կստեղծվի մինչև 2030 թ․-ը. պետական բուհերի թիվը կդառնա 8

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

timthumb

Պետական բուհերի թիվը մինչև 2030 թ․-ը կհասնի 8-ի։ Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` կառավարության հաստատմանը ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը»։

«Խոսքը պետական ֆինանսավորմամբ բուհերի մասին է։ Դրանց թիվը պետք է հասցնենք մինչև 8-ի, և այդտեղ պետք է պարտադիր գիտական-հետազոտական ուժեղ բաղադրիչներ արվեն։ Կստեղծվի ակադեմիական քաղաք` որպես որակյալ կրթության ու գիտության արդիականացման ենթակառուցվածք։ Նախատեսվում է, որ այս ուղղությամբ արվող գործողությունների արդյունքում մեր 4 բուհեր առնվազն ներառված կլինեն միջազգային վարկանիշավորման համակարգերի 500-յակում»,-ասաց նախարարը։

Նախարարի խոսքով, կրթական զարգացման բարեփոխումները նախատեսվում է սկսել մսուրներից։ Այդ նպատակով բոլոր խոշորացված համայնքներում կստեղծվեն 0-2 տարեկան երեխաների համար մսուրի ծառայություններ` աշխատող մայրերի հոգսը թեթևացնելու համար։

Իսկ խոշոր դպրոցական կրթահամալիրների թիվը մինչև 2030 թ․-ը նախատեսվում է հասցնել 156-ի։ Բոլոր դպրոցների տարրական դասարանների աշակերտները հնարավորություն կստանան օգտվել դպրոցական սննդի ծրագրից։

Քննարկման ավարտին կառավարությունը հաստատեց կրթության մինչև 2030 թվականի զարգացման գործողությունների ծրագիրը։

--00—ՅՄ