Այսօր Ավագ Ուրբաթն է.Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով, նմանությամբ, իսկ հետո նրա կողից՝ Եվային

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

f5abe201d32c38_5abe201d32ce4

Ավագ Ուրբաթը խորհրդանշում է արարչության վեցերորդ օրը, երբ Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ, իսկ հետո նրա կողից ստեղծեց Եվային և նրանց դրեց դրախտում: Այս մասին տեղեկանում ենք Qahana.am-ից։

Ուրբաթ օրը Ադամն ու Եվան կերան արգելված պտուղը, մերկացան փառքից, և Տերն անեծքով պատժելով մարդուն՝ արտաքսեց դրախտից:

Վեցերորդ ժամանակաշրջանում Աստված Ս. Կույսի անարատ արգանդում դարձավ կատարյալ Մարդ՝ հոգով, մտքով ու մարմնով, որպեսզի կատարի տնօրինական գործերը:

Ավագ ուրբաթ օրը Տերը Հուդայի մատնությամբ ձերբակալվեց, ծեծի ու ծաղրի ենթարկվեց և ապա, Իր վրա վերցնելով Ադամի անեծքն ու դատապարտությունը, խաչի վրա մեռնելով, բացեց Իր կողը, և կողից բխած ջրով լվաց մարդու մեղքերը, իսկ բխած արյամբ մեզ գնեց չարի ծառայությունից (Մատթ. 26:47-27:56):

Եվ ինչպես Ադամի կողից ստեղծվեց նրա կինը՝ Եվան, այդպես էլ Տիրոջ կողից եղավ Նրա հարսը՝ Եկեղեցին:

Այսօր թեպետ ուրախություն է հոգիների համար, քանի որ Քրիստոսի չարչարանքներով մեր հոգիներն ազատվեցին դժոխքից, սակայն մարմնապես սուգ է ու տրտմություն:

Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:

Այդ օրը տեղի է ունենում Խաչելության կարգ:

Երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակի արարողության ընթացքում կատարվում է Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պատրաստված ծաղիկներից և ծառի ճյուղերից, պտտում են եկեղեցու շուրջ՝ ի տես հավատավոր ժողովրդի:

--00—ՅՄ