Գերիների հարազատներին միայն ասում են «սպասեք», նրանց վերադարձնելու համար աշխատանք չի տարվում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

Իշխանությունների հետ հանդիպում չէինք պահանջում կամ արձագանքի սպասում, կոնկրետ մեր բողոքի ձայն էինք բարձրացնում, վերջին շրջանում գերիներին վերադարձնելու ուղղությամբ աշխատանք չի տարվում։ Այս մասին ասաց 44-օրյա պատերազմից հետո գերի ընկած պահեստազորայիններից մեկի հարազատը, որը ցանկացավ անանուն մնալ։

Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտից շիրակցի գերիների հարազատները փակել էին Բավրայի անցակետ տանող ճանապարհը՝ պահանջելով հետ վերադարձնել իրենց հարազատներին։

Ռազմագերու հարազատն ասաց, որ իշխանությունների՝ Բաքվում պահվող իրենց ազգականներին վերադարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքները չեն գոհացնում։ «Մեծ հաշվով լուրջ ոչ մի բան չեն ասում, ամեն անգամ նույն բանն են ասում՝ աշխատանքներ տարվում են, սպասե՛ք, աշխատանքներ տարվում են, սպասե՛ք։ Կոնկրետ ոչ մի արդյունք չկա»,- ասաց նա։

Գերու հարազատը նշեց, որ նախկինում հանդիպումներ եղել են, ավելի հաճախ՝  մարզպետարանում։ «Հանդիպումներ լինում են, բայց ոչ մի բան։ Այնպես չէ, որ գոհացնում են հանդիպումները։ Այսինքն՝ եթե պետք է հանդիպենք, նույն բանը կրկնեն՝ «սպասե՛ք, սպասե՛ք», հանդիպման իմաստը ո՞րն է»։

Նա ասաց, որ երեկվա հավաքին եղել են ոչ միայն ռազմագերիների հարազատները, այլև այլ անձինք, որոնք իրենց աջակցում էին։

--00—ՅՄ