Փոխվարչապետը կարևորել է քննարկվող բարեփոխումների առումով շարունակական աշխատանքների անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

1108548

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Փոքր եւ միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) զարգացման խորհրդի հերթական՝ 20-րդ նիստը։ Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին, պետական գերատեսչությունների մի շարք ներկայացուցիչներ, հայտնում են փոխվարչապետի գրասենյակից։

Ողջունելով ՓՄՁ զարգացման խորհրդի անդամներին՝ փոխվարչապետն ընդգծել է ինչպես խորհրդի կողմից ձեւակերպված խնդիրների եւ առաջարկվող լուծումների քննարկման, այնպես էլ նախորդ նիստերի արդյունքների ամփոփման կարեւորությունը։ Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ մասնակիցներին ներկայացվել է խորհրդի 19-րդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն։

Նիստի ընթացքում քննարկվել են գործարար միջավայրի բարելավմանն ուղղված մի շարք կարգավորումներ, այդ թվում՝ մշակող արդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների կողմից նոր աշխատողների ներգրավման ու վերջիններիս ուսուցումը խրախուսելու, ինչպես նաեւ բիզնեսի կողմից կրթական հաստատություններին իրականացվող նվիրատվությունների ծավալը մեծացնելու վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաեւ օպցիոնի պայմանագրերի համար իրավակարգավորող դաշտի ձեւավորման կարեւորությանն ու այս ուղղությամբ առաջարկվող կարգավորումներին։ Ինչպես օրակարգային հարցերի, այնպես էլ փոքր եւ միջին ձեռնարկություններին վերաբերող առանձին խնդիրների վերաբերյալ փոխվարչապետի կողմից տրվել են հստակ հանձնարարականներ։

Շնորհակալություն հանյտնելով Խորհրդին արդյունավետ աշխատանքի եւ առարկայական քննարկումների համար՝ փոխվարչապետը կարեւորել է քննարկվող բարեփոխումների ուղղությամբ շարունակական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը՝ մանսավոր հատվածի հետ շարունակական երկխոսության ապահովման ճանապարհով։

--00—ՅՄ