Հաշմանդամություն ունեցող անձանց 90-91% -ը գործազուրկ է, նրանց զբաղվածության հարցը լուծված չէ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

30 տարի շարունակ խոսվում է հաշմանդամության խնդիրներ ունեցող անձանց տեղաշարժման մատչելիության մասին, բայց սայլը տեղից չի շարժվում: Նման խնդիր ունեցող մարդիկ իրենց իրավունքները չեն կարողանում իրացնել, ինչը խոսում է խտրական վերաբերմունքի մասին: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց սոցիալական ոլորտի փորձագետ Հայկ Մկրտչյանը:

Փորձագետի խոսքով, մետրոն, գետնանցումները, վերնանցումները և մի շարք այլ հաստատություններ հարմարեցված չեն հաշմանդամության խնդիրներ ունեցող անձանց, մինչդեռ, պատերազմից հետո հաշմանդամություն ունեցող անձանց թիվը ավելացել է մոտ 2000-ով, նրանց մեծ մասը երիտասարդներ են, որոնք ունեն կրթության և աշխատելու պոտենցիալը իրացնելու խնդիր:

Մկրտչյանի փոխանցմամբ, շատ անգամ որոշումներ կայացնելիս Կառավարությունը զերծ է մնում խնդիրը քննարկել հաշմանդամություն ունեցող անձանց հետ, մինչդեռ, իրենք բոլորից լավ գիտեն այդ խնդիրների մասին: Ինչ վերաբերում է հաշմանդամության խնդիր ունեցող անձանց զբաղվածության հարցին, ապա Մկրտչյանի խոսքով, այն շարունակում է չլուծված մնալ, 2010-ին զբաղվածությունը խթանելու ծրագրեր շատ են եղել, բայց արդյունավետ չեն գործել, շատ դեպքերում նախատեսած բյուջեն չի ծախսվել:

Նախորդ տարի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը զբաղվածության խթանման համար ծրագիր է հրապարակել, բայց գործատուի համար սահմանված է եղել վերջին երեք ամիսներին 10-ից ավելի աշխատող ունենալու հանգամանքը, ինչը ևս խնդիրներ է առաջացրել: «Զբաղվածության խնդիրն առաջնային խնդիր է, հաշմանդամություն ունեցող անձանց 90-91 տոկոսը գործազուրկ է, որի պատճառներից մեկը մասնագիտական որակյալ կրթության բացակայությունն է, քանի որ դպրոցները նրանց տեղաշարժման համար մատչելի չեն:

Այս պահին գործող ընթացակարգերով ոչ բոլոր ուսումնարանները կամ կրթական այլ հաստատություններն են հարմարեցված, հաշմանդամություն ունեցող անձինք մեծ դժվարությունների առջև են կանգնում: Ամբողջ աշխարհում հաշմանդամության խնդիր ունեցող անձանց թիվը կազմում է 15- 20 տոկոս, և ափսոս է, երբ պետությունը այդ 20 տոկոսի ներուժը չի օգտագործում»,-ավելացրեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ