Ֆրանսիական կողմը պետք է վերջ դնի խաղաղությանը չնպաստող նման սադրիչ մտքերին. Ադրբեջանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

ազերի-ԱԳՆ

Նման հայտարարությունն «անհարգալից վերաբերմունք է Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ»։ Այս մասին «France Inter» հանրայի ռադիոյի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Գաջիզադեն՝ խոսելով Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի այն հայտարարության մասին, որում նա ասել է՝ Լեռնային Ղարաբաղը հայերով բնակեցված անկլավ է Ադրբեջանում։

«Եվս մեկ անգամ ցանկանում ենք հիշեցնել Ֆրանսիայի ԱԳ նախարարին, որ Ղարաբաղի տարածաշրջանը միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածք է և Ադրբեջանի բաղկացուցիչ մասը»,-ասել է Գաջիզադեն։

Նա նաև խոսել է Հակարիի կամրջի վրա հսկիչ անցակետի տեղադրման մասին՝ նշելով, որ «Ադրբեջանն իրականացնում է իր սահմանների պաշտպանությունը, և անցակետ հատումը տեղի է ունենում երկրի օրենսդրության և միջազգային մակարդակով ընդունված կանոնների համաձայն»․ «Ֆրանսիական կողմը պետք է վերջ դնի խաղաղությանն ու կայունությանը չնպաստող նման սադրիչ մտքերին», -հայտարարել է նա։

--00—ՅՄ