Լրիվ շրջափակված ենք, դրոշի դեպքից հետո կարիքավորներին ադրբեջանցին ՀՀ չի թողնում. Մեծ Շենի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News

դդ

Շուշիի շրջանի 4 գյուղերը ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրումից հետո շարունակում են մնալ երկկողմանի շրջափակման մեջ: Եթե այն ժամանակ հնարավորություն կար հումանիտար օգնություն հասցնելու կամ շտապ բժշկական օգնության կարիք ունեցողներին ռուս խաղաղապահների կամ Կարմիր խաչի միջոցով տեղափոխելու Հայաստան, ապա այս պահին դա էլ հնարավոր չէ, երեք օր առաջ՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Հակարիի կամրջի մոտ դրոշ տեղադրելու դեպքից հետո, Ադրբեջանն արգելել է անգամ ռուս խաղաղապահների մուտքն ու ելքը։ 24News-ը զրուցել է Շուշիի շրջանի շրջափակված գյուղերից՝ Մեծ Շենի ղեկավար Դավիթ Դավթյանի հետ։

 

-Պարոն Դավթյան, այս պահին ի՞նչ իրավիճակ է Ձեզ մոտ։

-Նույն վիճակն ա, ինչպես գիտեք, ոչ մի փոփոխություն չկա, քանի գնում՝ ամեն ինչ ավելի է վատանում։

-Ինչո՞վ է ավելի վատը դառնում։

-Արդեն լրիվ շրջափակված ենք, եթե առաջներում Կարմիր խաչի, խաղաղապահների միջոցով հիվանդների էին տեղափոխում, հիմա ոչ մի բան անել հնարավոր չէ։

-Երբվանի՞ց սկսած է այդ իրավիճակը։

-Դրոշի տեղադրման հետ կապած միջադեպից հետո։ Սնունդ էինք տեղափոխում, հիվանդներին հնարավորություն կար բուժհաստատություններ տեղափոխելու, կարևորը հիվանդներն են, հիմա էդ էլ հնարավոր չի։ Գյուղում, փառք Աստծո, դեռ նման ծանր վիճակում գտնվող հիվանդներ չունենք։ Երկու օր առաջ ենք օգնություն ստացել՝ մինչև կամրջի փակվելը, էլի մեկ ամիս կբավականեցնի։

-Գյուղում վիճակն ինչպե՞ս է, մարդկանց վերաբերմունքն ինչպիսի՞ն է։

-Սովորական, համակերպվում են, դիմանում են, ճիշտ է՝ չեն հաշտվում էդ մտքի հետ, որ պետք է ինտեգրվեն։

-Ինչի՞ն ինտեգրվեն։

- Արցախի ինտեգրմանը՝ Ադրբեջանի կազմում, դրա հետ ոչ ոք չի համակերպվում, չի էլ համակերպվի երբեք։

-Այսինքն՝ արդեն բացահայտ կերպո՞վ են այդ խոսակցությունները գնում, որ Արցախը Ադրբեջանի կազմում է լինելու։

- Հիմա արդեն ուրիշ զրույցներ են ընթանում, զինանշան ու գերբ են փոխում, վատ բաներ են սպասվում։

-Այս ամենը մեզ ու՞ր է տանելու հասցնի՝ Արցախն Ադրբեջանի կազմում, զինանշանի ու գերբի փոփոխություն։

- Եթե մենակ Արցախը լինի, ինչ-որ տեղ կարելի է «համակերպվել», բայց էստեղ մենակ Արցախի հարցը չի, ամբողջ Հայաստանն է կործանման գնում։

-Բայց ինչպե՞ս կարելի է պատկերացնել Արցախն Ադրբեջանի կազմում, ինչպե՞ս կարելի է համակերպվել։

-Ես նման արցախցու չեմ ճանաչում, որ համաձայն է էդ մտքի հետ, նման բան չի լինելու, կա՛մ մինչև վերջ կանգնելու ենք կռվենք, կա՛մ դուրս ենք գալու տեսնենք՝ ուր ենք գնում։ Բայց ոչ ոք դեռ գնալու մասին չի մտածում, մինչև վերջ պայքարելու է Արցախը, անկախ նրանից, թե Երևանում ինչ են մտածում։

-Թողնել դուրս գալու մասին խոսեցիք, չե՞ք կարծում, որ Ադրբեջանի հետապնդած նպատակն էլ այս մի քանի ամսվա ընթացքում դա է, որ արցախցին ինքնակամ լքի իր հողը և այդպիսով հայաթափվի Արցախը։

- Ախր, մենակ Ադրբեջանը չի էդպես անում, մենք էլ ենք օգնում էդ հարցում, Հայաստանն է օգնում, որ ամեն ինչ էդ ուղղությամբ գնա։ 

-Ինչպե՞ս է օգնում։

-Համակերպված էդ մտքի հետ, որ հա՛, Արցախը Ադրբեջանինն է, պետք է էդպես էլ մնա, պայքարող չկա դրանց դեմ։ Հայաստանից ոչ ոք չի պայքարում Արցախը հայկական պահելու համար։

-Իսկ Արցախի իշխանություններն անելու ոչինչ չունե՞ն։

-Արցախի իշխանությունների ձեռքին ոչինչ չկա, իրենց լսող չկա, ո՛չ ադրբեջանցին, ո՛չ հայաստանցին։

-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ես արցախցիների կողմից ընտրված չեմ ու լեգիտիմ իրավունք չունեմ Արցախի մասով որոշումներ կայացնելու, Ստեփանակերտը պետք է ուղիղ երկխոսի Բաքվի հետ։

-Ինքը որ էդպես է ասում, էդ դեպքում արցախցին վաղուց ինքնորոշվել է, անկախացել է, ի՞նչ իրավունք ունի, ասելու՝ Արցախը Ադրբեջան է, ի՞նչ իրավունքով է այդ արտահայտությունը անում, անողնաշարը մարդը կարող է մեկ անգամ ասել՝ Արցախը Հայաստան է և վե՛րջ,հիմա էլ փոխի ասի՝ Արցախը Ադրբեջան է։

 

Մերի Մանուկյան

--00—ԱՊ