Արայիկ Հարությունյանը չի կարողանում համակերպվել Դավիթ Իշխանյանի ակտիվության հետ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 21, 24News

MyCollages
Yerevan Live-ը գրում է․

Ի՞նչ է տեղի ունենում Արցախում

Մամուլում տեղեկություններ տարածվեցին առ այն, որ օգոստոսի 17-ին Արցախի խորհրդարանում լարվել է իրադրությունը: Նախագահ Արայիկ Հարությունյանի կողմնակիցները փորձել են ներխուժել Արցախի ԱԺ և հաշիվ պահանջել ԱԺ նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանից. ԱԺ այցելած անձինք հայտարարել են, որ Դավիթ Իշխանյանն իբրև թե հայհոյել է նախագահ Արայիկ Հարությունյանին, երբ իմացել է, որ վերջինս ուզում է այս ճգնաժամային պայմաններում հրաժարական տալ և հեռանալ:

Հատկանշական են այդ միջադեպին նախորդող զարգացումները։ Դեռ դեպքի նախորդ երեկոյան համառ լուրեր էին պտտվում, որ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է հրաժարականի հայտարարություն անել։ Զուգահեռ, իր պարտականությունների շրջանակում օգոստոսի 16-ին Դավիթ Իշխանյանն իր մոտ է հրավիրում Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանին, օգոստոսի 17-ին՝ ԱՀ ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանին և այլն,  ունենում կարևոր խորհրդակցություններ: Նույն օրը աշխարհազորայիններ կովող պայմանագրային մեծաթիվ զինվորականներ ցանկանում են հանդիպել Արայիկ Հարությունյանին, որն էլ առաջարկում է հավաքվել Ստեփանակերտի մշակույթի պալատում։ Անակնկալ այդ զինվորականներից մի փոքր խումբ նախկին զինծառայող, բանակում բավականին խնդրահարույց համբավ ունեցած Կարեն Մաթեւոսյանի գլխավորությամբ հայտնվում Ազգային ժողովի շենքի մոտ և փորձում ինչ-որ անհասկանալի պահանջներով սադրանքներ հրահրել: 

Պարզորոշ է՝ Արայիկ Հարությունյանը կարող էր հանգիստ զանգահարել Դավիթ Իշխանյանին և պարզել լուրի իսկությունը, և հարցը դրանով կփակվեր, իսկ իր մտերիմ շրջապատի ներկայացուցիչներն առանց իր համաձայնության կամ հրահանգավորման հազիվ թե նման աղմկալի քայլ կատարեին: Ստեփանակերտում վստահ են, որ չունենալով աշխարհազորայիններին հետաքրքրող հարցերի բավարարումը, Արայիկ Հարությունյանը սադրել է նրանց շրջանում իր հավատարիմներին եւ սլաքներն ուղղել Դավիթ Իշխանյանի դեմ։

Այս ամենը փաստում են մեկ բան. Արայիկ Հարությունյանը չի կարողանում համակերպվել Դավիթ Իշխանյանի ակտիվության հետ: 

Այստեղ ողբերգությունն այն է, որ այս օրհասական օրերին բոլոր սլաքներն ուղղված չեն թշնամու դեմ, և որոշ շրջանակներ փորձում են պառակտիչ ու սադրիչ քայլերով անկայունացնել ներքին իրադրությունը՝ դրանով իսկ լավագույն նվերը մատուցելով թշնամուն: Արդեն այս անկայունության եւ վտանգավոր ընթացքի մասին բարձրաձայն հայտարարում են նաեւ Արցախում հարգանք վայելող նախկին զինվորականներ եւ գործիչներ, քանի որ գիտակցում են, որ նման սադրանքների բուն նպատակն Արցախը պառակտելն է եւ թուլացնելը։ Այդուհանդերձ՝  հուսով ենք, որ շուտով ամեն ինչ կընկնի իր տեղը:

--00—ՅՄ