«Արդար Հայաստան»-ը ներկայացնում է 10 ռազմավարական դրույթները

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News

նոր

«Արդար Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է նախընտրական ծրագրի իր 10 ռազմավարական դրույթները.

««Արդար Հայաստան» կուսակցության համար ռազմավարական են հետևյալ խնդիրներն ու դրանց համակարգային լուծումը, ուստի, ստանալով երևանցիների ստահության քվեն և ստանձնելով Երեւանի քաղաքային իշխանությունը՝ առաջիկա հինգ տարիներին մայրաքաղաքում կիրականացվեն հետեւյալ 10 ռազմավարական քայլերը.

 

1. Կներդրվի քաղաքի 24 ժամյա կառավարման համակարգ, կամ պատկերավոր ասած՝ գիշերային քաղաքապետի ինստիտուտ,

2. Կստեղծվի Երեւանի քաղաքապետին կից ճարտարապետական խորհուրդ,

3. Հինգ տարվա ընթացքում ամբողջողվին կլուծվի ինքնակամ կառույցների օրինականացման հարցը,

4. Հինգ տարվա ընթացքում ամբողջովին կլուծվի իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանած անհատական բնակելի տների կարգավիճակի հստակեցման հարցը,

5. ԴԱԼՄԱՅԻ ԱՅԳԻՆԵՐԻՑ մնացած 238 հա կվերածենք խոշոր այգի անտառի, որտեղ կլինեն լողավազան-լճակներ՝ քաղաքացիների ամառային հանգստի ապահովման համար,

6. Հինգ տարվա ընթացքում մայրաքաղաքում և նրա շուրջը կտնկենք 1 միլիոն ծառ և կհիմնադրենք քաղաքային անտառ-պուրակ, որում կտեղադրվեն Հայոց բոլոր թագավորությունների արքաների արձանները,

7. Կկառուցենք բնապահպանական ստանդարտներին համապատասխանող նոր աղբավայր,

8. Կներդնենք ու կիրագործենք Հրազդանի կիրճի զարգացման ռազմավարական հայեցակարգը,

9. Կմեկնարկենք վթարային շենքերի քանդման աշխատանքները՝ քանդված շենքերի բնակիչներին ապահովելով համարժեք բնակարաններով,

10. Կստեղծվի նպաստավոր պայմաններ ներդրողների համար, որպեսզի «Փոքր կենտրոնը» զարգանա աշխարհի զարգացած մայրաքաղաքների կենտրոններին համահունչ ենթակառուցվածքներով»։

--00—ԼՀ