Հայաստանի կառավարությունն այսօր Հռոմի ստատուտն ուղարկել է ԱԺ՝ վավերացման

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Screenshot_11

Հայաստանի կառավարությունն այսօր Հռոմի ստատուտն ուղարկել է Ազգային ժողով՝ վավերացման: Այս մասին 24News-ին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հիշեցնենք, որ 2022 թվականի վերջին ՀՀ կառավարությունը նախաձեռնեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման գործընթացը։

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը դեկտեմբերի 29-ին կառավարության նիստում հայտարարեց, որ հարցի հրատապությունը պայմանավորված է Ադրբեջանի ԶՈւ-ի` ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացրած լայնածավալ ռազմական ագրեսիայի ու տարածքների օկուպացման փաստերով։

ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է երկրի հիմնական օրենքին։

Ավելի ուշ, ՌԴ ԱԳՆ աղբյուրը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ Մոսկվան խիստ բացասաբար է ընդունել պաշտոնական Երևանի` Հռոմի կանոնադրությանը միանալու ծրագրերը, և որ Երևանում զգուշացվել են անցանկալի հետևանքների մասին։

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն իր հերթին նշել է, որ Երևանը կարող է այնպես անել, որպեսզի Հռոմի ստատուտի վավերացման հետ կապված իր հետագա գործողությունները չվնասեն հայ-ռուսական հարաբերություններին։

--00—ՅՄ