Պակիստանը հետ է մղել Աֆղանստանի կողմից զինյալների հարձակումը․ կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

պակ

Պակիստանը հայտնել է, որ հետ է մղել Աֆղանստանի կողմից հարձակում գործած և Պակիստանում ահաբեկչական ճանաչված «Թեհրիք-ի-Թալիբան Պակիստան» («Պակիստանի թալիբների շարժում», ԹԹՊ) արմատական խմբավորման մի խումբ զինյալների, որոնք ժամանակակից զենքերով զինված՝ թիրախավորել են Չիթրալի մարզի Քալաշի շրջանում գտնվող երկու զինվորական անցակետ։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պակիստանյան The Express Tribune պարբերականը հաղորդում է, բախումների հետևանքով զոհվել է առնվազն 12 զինյալ և պակիստանցի 4 զինվոր։

Ավելի վաղ ԹԹՊ-ն հայտնել էր, որ Խայբեր Պախտունխվայի նահանգի Չիթրալի շրջանում «խոշոր գործողություն» է իրականացրել՝ գրավելով մի քանի գյուղեր։

ԹԹՊ-ն համարվում է «Թալիբան»-ի պակիստանյան բջիջը, ինչը թալիբները կտրականապես հերքում են։ Պակիստանն Աֆղանստանից պահանջում է այդ երկրում տեղակայված ԹԹՊ-ի զինյալների շուտափույթ և լիակատար չեզոքացում, ինչը նախատեսված է Աֆղանստանում խաղաղության վերականգնման մասին 2020 թ. փետրվարին ստորագրված Դոհայի համաձայնագրով։

Ավելի վաղ «Թորխամ» հսկիչ անցակետի մոտ Պակիստանի և Աֆղանստանի ուժերի միջև փոխհրաձգություն էր սկսվել։ Պակիստանյան աղբյուրները հայտնել են, որ բախումների պատճառ են դարձել սահմանին անցակետ կառուցելու՝ աֆղանական կողմի ջանքերը՝ առանց պակիստանյան կողմի թույլտվության։

--00—ԼՀ