Առաջիկայում Արցախում կլուծվեն առաջնային խնդիրները․ պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Screenshot_16

ԱՀ պետական նախարար Արթուր Հարությունյանը սեպտեմբերի 21-ին պետական կառավարման համակարգի պատասխանատուների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակն ու անելիքները: Այս մասին հայտնում են Արցախի պետնախարարի աշխատակազմից։

«Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված նոր ռազմական գործուղությունների հետևանքով վատթարացել է առանց այդ էլ ծանր ճգնաժամային պայմաններում գտնվող երկրի վիճակը։ Մեզանից պահանջվում է գործադրել բոլոր ջանքերը և  հնարավորինս սեղմ ժամկետում լուծում տալ բազմաթիվ խնդիրների»,-նշել է Ա. Հարությունյանը։

Խորհրդակցության ընթացքում պետական նախարարը լսել է կառավարության ոլորտային պատասխանատուներին, տեսակապ հաստատել շրջանների վարչակազմերի ղեկավարների հետ, ովքեր ներկայացրել են առկա խնդիրներն ու հանդես եկել առաջարկներով։

Պետական նախարար Արթուր Հարությունյանը հանձնարարել է արագ մշակել և իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք թույլ կտան ամբողջացնել ներքին բոլոր ռեսուրսները` ապահովելով բնակչության անվտանգության, ենթակառուցվածքների աշխատանքի, շրջաններից տարհանված բնակիչների կեցության, սննդի մատակարարման և մի շարք այլ առաջնային հարցեր:

Առաջիկայում կլուծվի  նաև հացի խնդիրը և կներկայացվի տրամադրման կարգը։

--00—ՅՄ