ՄԻՊ ներկայացուցիչները զրուցում են բռնի տեղահանվածների հետ, հավաքագրում բարձրացված խնդիրները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

photo_2023-09-28_13-46-11

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ձևավորված արագ արձագանքման աշխատանքային խմբերն այս պահին շարունակում են աշխատանքը Գորիսի և Վայքի հաշվառման կենտրոններում։

Պաշտպանի ներկայացուցիչները տեղում իրականացնում են փաստահավաք աշխատանքներ, զրուցում բռնի տեղահանվածների հետ, հավաքագրում նրանց կողմից բարձրացված խնդիրները։

Ուսումնասիրվում են կացարանով ապահովման, հաշվառման, ինչպես նաև նրանց իրավունքների պաշտպանության հետ կապված մի շարք հարցեր։ Մարդկանց կողմից բարձրացված առանձին հարցեր տեղում ստացել են և ստանում են լուծում։ Արձանագրվող խնդիրների հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանն անընդհատ կապի մեջ է պետական իրավասու մարմինների հետ։ Հավաքագրված ամբողջ տեղեկատվությունն ամփոփվում է՝ խնդիրների մատնանշմամբ և լուծումների առաջարկներով։ Դրանք հասցեագրվում են պատասխանատու գերատեսչություններին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-26-ը Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և աշխատակազմի ներկայացուցիչները գտնվել են Սյունիքի մարզում՝ Գորիսում և Կոռնիձորում` շուրջօրյա ռեժիմով իրականացնելով մշտադիտարկում և փաստահավաք աշխատանքներ։ Այցի ընթացքում Պաշտպանը հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ, հավաքագրվել են նրանց կողմից բարձրացված խնդիրները։ Փաստահավաք աշխատանքի արդյունքներն արդեն ամփոփվել են և համապատասխան առաջարկները քննարկվել են պետական իրավասու մարմինների հետ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքնային խմբերը մշտադիտարկում են իրականացնելու հաշվառման ամբողջ գործընթացում՝ շուրջօրյա ռեժիմով։ Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116 100։

--00—ՅՄ