«Աբովյան» ՔԿՀ չհայտարարված այցի ընթացքում ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են Տաթևիկ Վիրաբյանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Screenshot_27

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են դիմել  ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Տաթևիկ Վիրաբյանի փաստաբանները՝ տեղեկացնելով իրենց պաշտպանյալի առողջական վիճակի վատթարացման մասին:

Պաշտպանի կողմից անմիջապես ձեռնարկվել են օրենքով նախատեսված անհրաժեշտ միջոցներ, ինչի արդյունքում կազմակերպվել են նաև նեղ մասնագիտական բժշկական խորհրդատվություններ:

Բացի այդ, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Պաշտպանի հանձնարարությամբ «Աբովյան» ՔԿՀ չհայտարարված այցի ընթացքում ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ Տաթևիկ Վիրաբյանի հետ:

Վերջինիս հետ տեղի է ունեցել առանձնազրույց, Պաշտպանի ներկայացուցիչները ծանոթացել են Տ. Վիրաբյանի առողջական վիճակին, ուսումնասիրել իրավունքների ապահովմանն առնչվող հարցերը, այդ թվում՝ անհրաժեշտ փաստաթղթերը, պահման պայմանները և այլն:

Քննարկումներ են տեղի ունեցել նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և բժշկական անձնակազմի հետ։

Տ. Վիրաբյանի առողջական վիճակը, նրան պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու և քրեակատարողական հիմնարկում նրա իրավունքների ապահովմանն առնչվող հարցերը գտնվում են Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է գտնվում նաև նրա փաստաբանների հետ։

Չհայտարարված այցի արդյունքները կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։

--00—ՅՄ