Փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են շուրջօրյա հերթապահությունը Սյունիքում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

հահ

ՆԳՆ փրկարար ծառայության Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի մարզային փրկարարական վարչությունների ենթակա ստորաբաժանումների և ՓՈՒՎ ՀՆՓԱԻ կենտրոնի անձնակազմը և մարտական հաշվարկները շարունակում են շուրջօրյա հերթապահություն իրականացնել Գորիս քաղաքում տեղակայված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառման կայանում և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին։

Անցակետերում հերթապահություն իրականացնող մարտական հաշվարկները հրդեհային անվտանգության ապահովման միջոցառումներ են իրականացնում գերծանրաբեռնված ավտոճանապարհներին․ 1000-ավոր ավտոմեքենաների վառելիքի մատակարարման գործընթացն անվտանգ կազմակերպելու նպատակով պարբերաբար իրականացնում են ասֆալտի լվացման, թափված վառելիքի մաքրման, ինչպես նաև խափանված մեքենաների անվտանգ տարածք տեղափոխման, քարշակման աշխատանքներ։

Փրկարարները համակարգված աջակցություն են ցուցաբերում հատկապես խոցելի խմբում գտնվող (երեխաներ, տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք) քաղաքացիներին՝ ապահովելով անվտանգ տեղաբաշխման և բազմակողմանի կենսաապահովման միջոցառումներ, ինչպես նաև իրականացնում են դիերի տեղափոխման աշխատանքներ։

Փրկարար ծառայության ստորաբաժանումները, համագործակցելով այլ գերատեսչությունների հետ, ընդգրկված են նաև Գորիս քաղաքում ժամանակավոր վրանային կեցավայրերի կառուցման աշխատանքներում։

Սեպտեմբերի 27-ին աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով ՓԾ տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Եգոր Կարապետյանն այցելեց Սյունիքի մարզի սահմանային անցակետեր և Հումանիտար կայաններ:

Տնօրենի տեղակալը հետևեց փրկարարների կողմից իրականացվող լայնածավալ աշխատաքներին, տվեց հստակ ցուցումներ և հանձնարարականներ՝ մատնանշելով հատկապես բնակչության անվտանգ տեղափոխման և հրդեհային անվտանգության կանոնների պահպանման խիստ կարևորությունը։
Նշենք, որ սեպտեմբերի 24-ից իրականացված աշխատանքների արդյունքում փրկարարական ծառայողներն օգնություն են ցուցաբերել 3150 քաղաքացու, որից՝ 938 երեխա, 460 տարեց, 1258 կին և 494 տղամարդ։

--00—ԼՀ