Արցախի պատանի բլոգերը. Տիգրանը պատմում է պատերազմի, շրջափակման ու տունը լքելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Տիգրանն ու իր ընտանիքն ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով հարկադրաբար տեղահանվեցին Արցախից ու այժմ բնակություն են հաստատել Հայաստանում։

«Արցախում մենք զբաղվում էինք և՛ այգի մշակելով, և՛ բլոգինգով, դասերի էինք հաճախում։ Առաջ ազատ ժամանակը տրամադրում էինք գիրք կարդալուն կամ հեռախոսով զբաղվելուն, իսկ ամառվա վերջին օրերին մենք երեխաներով հավաքվում էինք, թեյախմություն էինք կազմակերպում, զրուցում էինք իրար հետ, խաղեր էինք խաղում, հետաքրքիր անցկացնում էինք մեր օրերը»,- Տիգրանն այսպես է հիշում վերջին օրերի Արցախն ու նաև ասում, որ բլոկադայից առաջ Արցախը եռանդով էր լցված։

Հիշում է՝ բլոկադայի օրերին երեխաների տրամադրություն բարձրացնելն ամենադժվարն էր, քանի որ խանութներն ամբողջությամբ դատարկ էին, իսկ նվերներ տալու հնարավորություն չկար, որքան էլ դրա ցանկությունը մեծ էր։ Թեև թշնամու կողմից Արցախը շրջափակելը բազմաթիվ հումանիտար խնդիրներ էր ստեղծել, բայց այս ամենում անգամ արցախցիները փորձել են հնարավորինս դրականը տեսնել․ «Բլոկադայի առավելությունն այն էր, որ լույսերն անընդհատ անջատվում էին, իսկ սովորական ժամանակ, երբ լույս կար մարդիկ ընդհանրապես տնից դուրս չէին գալիս․ կա՛մ հեռուստացույց էին նայում, կա՛մ հեռախոսով էին զբաղված, իսկ երբ եղավ բլոկադան ու լույսերն անջատում էին, բոլորը դուրս էին գալիս, հավաքվում էինք, «սամավարով» թեյ էինք խմում։ Բացասական կողմն այն է, որ շատ գործեր դժվարացել էին իրականացնելը, այսինքն՝ մարդ կար՝ հեռախոսով կամ ինտերնետով աշխատանք պիտի կատարեր, իսկ այնտեղ ոչ թե մենակ լույսերն էին գնում, այլ կապերը, ամեն ինչ լույսերի հետ միասին գնում էր»,- պատմում է արցախցի բլոգերը։

Մանրամասները՝ 24News-ի ռեպորտաժում։

Մերի Մանուկյան

 

--00—ԱՊ