Կապանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

տես.

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Լիլիա Ասատրյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Սյունիքի մարզ, ք. Կապան):

Մասնավորապես՝

– հանրային սննդի օբյեկտն ապահովված չի եղել ձեռքերի լվացման համար նախատեսված լվացարաններով, ախտահանման միջոցներով, տաք և սառը ջրով, չորացման հիգիենիկ սարքերով,
– սննդի կառույցն ապահովված չի եղել լվացող և ախտահանող նյութերի՝ սննդամթերքից առանձնացված պահման տարածքով,
– հատակը չի ունեցել հարթ մակերես, խոհանոցի պատերի վրա առկա են եղել ճաքեր, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,
– խոհանոցի առաստաղն ունեցել է կեղտի կուտակման, գոլորշու խտացման, անցանկալի բորբոսների աճի և մասնիկների թափվելու հնարավորություն,
– պատուհանները չեն ունեցել հեշտությամբ բացվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,
– չի պահպանվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը,
– սննդամթերքի հետ շփվող աշխատակիցը չի ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննության,
– սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, աշխատանքային մակերևույթները ենթարկված չեն եղել պատշաճ մաքրման ու ախտահանման,
– սննդամթերքը պահպանվել է այլ տեսակի սննդամթերքի և ոչ սննդային արտադրանքի հետ՝ հանգեցնելով սննդամթերքի աղտոտմանը:

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

 --00—ԼՀ