Հայկական դրամի 30-ամյակը. ովքե՞ր և ինչպես ներդրեցին ազգային արժույթը 

Դրամի ստեղծման հանձնաժողով

Խորհրդային Միության փլուզմանը զուգահեռ նախկին եղբայրական 15 հանրապետություններում աստիճանաբար վերանում էին յոթանասունամյա բոլշևիկյան կառավարման խորհրդանիշները՝ Լենինի արձանից մինչև աստղի, մուրճի և մանգաղի սիմվոլները։ Նորանկախ հանրապետություններից շատերը շտապում էին հասարակական աճող հակակոմունիստական տրամադրությունների տակ հրապարակ իջեցնել իրենց ազգային խորհրդանիշները, որոնք արտացոլվում էին պետական ու ժողովրդային ամենատարբեր ոլորտներում՝ փողոցներ անվանափոխելուց մինչև ազգային տարադրամի ստեղծում ու ներդրում։ 

Կոլապսային տնտեսություն ու սոցիալական ծանր վիճակ՝ ամենուր 

Նախկին Խորհրդային Միության գրեթե բոլոր անկյուններում երբեմնի հզորագույն կայսրության փլուզման առաջին տարիներն ուղեկցվեցին ծանրագույն սոցիալ-տնտեսական վիճակով, որն արտացոլվում էր տնտեսության բացարձակապես բոլոր ճյուղերի վրա։ Դրա հետ մեկտեղ խորհրդային ռուբլուց աստիճանաբար սկսեցին հրաժարվել նախկին անդամ պետությունները, այդ թվում՝ Վրաստանը, Ղրղզստանը, Ուկրաինան, Ուզբեկստանը և այսպես շարունակ։  Հայաստանի այդ օրվա իշխանություններն, ընդհակառակը, մինչև 1993 թ-ի հոկտեմբեր դեռևս մտմտում էին, թե արդյո՞ք արժի գնալ սեփական արժույթի ստեղծման ճանապարհով, թե մնալ ռուբլու գոտում, մանավանդ, որ այդ մասին Հայաստանն ու Ռուսաստանը նույն տարվա սեպտեմբերին երկկողմ պայմանագիր էին կնքել։  Իշխանություններն ունեին մտահոգություններ, որ այդ գործողությամբ առանց այդ էլ ծանր տնտեսական պայմաններում էլ ավելի մեծ խնդիրների առջև կկանգնեին, որովհետև, ի վերջո, ցանկացած նման պատմական գործողություն սկզբում հանգեցնում է ճգնաժամի ու բուռն դժգոհության։ Օրվա կառավարությունը մեծ հաշվով պատրաստ չէր ներդնել հայկական դրամ, ինչը հանգեցնում էր բավական ծանր հետևանքների, քանի որ ամբողջ հետխորհրդային տարածքում ինչ-որ շրջան միայն մեր երկրում էր օգտագործվում խորհրդային ռուբլին։ Դա էր պատճառը, որ այդ պետություններից դեպի Հայաստան էր գալիս անհաշիվ խորհրդային ռուբլի, որը քաոսի էր վերածում երկրի տնտեսական կյանքը։ Ի տարբերություն Հայաստանի կառավարության, որ դրամ ու լումա էր արտադրել բավական ուշ, լումայի պարագայում՝ արդեն անիմաստ, քանի որ շատ ուշ հասավ, մյուս երկրները նախօրոք էին տպել իրենց ազգային արժույթները։ Հաշվի առնելով այս քաոտիկ վիճակը՝ ընդդիմությունը, սակայն, ի դեմս ԱԺՄ-ի, պահանջում էր, որ ազգային արժույթն անպայման ներդրվի։ Երկար ու բուռն քննարկումները, ինչպես նաև հենց Ռուսաստանի՝ խորհրդային ռուբլուց հրաժարվելը ի վերջո բերեց մի հանձնախմբի ստեղծման, որին պատմական դերակատարություն բաժին ընկավ ներդնել հայկական դրամը։ 

Եռյակն ու «կոալիցիոն դրամը» 

Իշխանության ու ընդդիմության միջև տեղի ունեցած քննարկումների արդյունքում հայկական արժույթի ներդրման համար ստեղծված հանձնաժողովի մաս կազմեցին այդ օրերին Կենտրոնական բանկի նախագահ Իսահակ Իսահակյանը (1991-1994 թթ), ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանը (1993-1997 թթ) և խորհրդարանի  ֆինանսավարկային ու բյուջետային հարցերով հանձնաժողովի նախագահ, ապագայում ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ (1998 - 2008 թթ) և վարչապետ (2008-2014 թթ) Տիգրան Սարգսյանը։
«Ոչ մի փորձ չունեինք, ոչ մեկ պատրաստի դեղատոմս չէր տվել, թե ինչն ինչպես անենք։ Մենք ինքներս հավաքվեցինք ու արեցինք, որովհետև դա արդեն ժամանակի պահանջն էր», - հետագայում իր հարցազրույցներից մեկում հիշում է Լևոն Բարխուդարյանը։ 
«Դրամի հայրերի եռյակը» երկրի համար կարևորագույն ռեֆորմն իրականացնում էր տարրական կենցաղային ծանրագույն պայմաններում, ինչպես այդ օրերին ողջ ժողովուրդն էր ապրում։ Հանձնաժողովին սենյակ էին տրամադրել ՀՀ նախագահի նստավայրում, տաքանում էին այդ օրերին պոպուլյար «իրանական ֆուջիկայով»։  
Հենց այս հանձնաժողովի ընդունած շուրջ երկու տասնյակ որոշումների շնորհիվ 2022 թ-ի նոյեմբերի 22-ին ներդվեց հայկական դրամը, որը դարձավ մեր պետականության կարևորագույն բաղադրատարրերից մեկը։  Հենց այս օրն էլ երկրում սկսվեց նշվել որպես հայկական դրամի օր: Որպես օրինական վճարամիջոց սկսեցին շրջանառվել 10, 25, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքով թղթադրամները:

Հետաքրքրական է, որ Տիգրան Սարգսյանը ներկայացնում էր ընդդիմությունը, ու սա այն եզակի դեպքերից էր, երբ կարևորագույն ռեֆորմ իրականացվում էր քաղաքական համաձայնության շրջանակներում։ Ինչպես ինքն է հետագայում նշում իր տված հարցազրույցներից մեկում, հայկական դրամի ներդրումը հրամայական էր, որի անհրաժեշտության մասին ինքը հրապարակային խոսում էր դեռ 1993  թ-ի գարնանը։ 

Տիգրան Սարգսյանը դեմ էր 

Երբ արդեն քննարկվում էր ազգային արժույթի անվանման հարցը, ինչպես հետագայում իր հարցազրույցներում նշում է ինքը՝ Սարգսյանը, նա դեմ է լինում, որպեսզի այն կոչվի դրամ, քանի որ այս կերպ հետագայում կարող էին հանդես գալ տերմինաբանական խնդիրներ, որովհետև մենք դրամ ասում ենք հավաքական փողին, գումարին։ Հանձնաժողովի մյուս անդամները, սակայն, կողմ են լինում դրամ անվանմանը, որը մնում է ու դառնում մեր կյանքի անբաժանելի մաս։ 
Ի դեպ, դրամի ստեղծման հանձնաժողովին կից գործում էր փորձագետների աշխատանքային խումբ, որի անդամ էին այդ օրերին բավական հայտնի տնտեսագետներ։ Պետությունն էլ նրանց համար որոշել էր բավական մեծ աշխատավարձ սահմանել, որը նրանք ստացել էին... խորհրդային ռուբլիով։ Ինչպես դրամի ստեղծման 20-ամյակին կատակով հիշել էր Տիգրան Սարգսյանը՝ այդ գումարը փորձագետներին հերիքել էր հինգ կարկանդակ գնել...