ՀՀ-ն նախատեսում է մինչև 2040 թվականը այլընտրանքային էներգիայի կշիռն համակարգում հասցնել 60 տոկոսի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Նախագահն ընդգծեց, որ Հայաստանը մասնակից է կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակներում համաշխարհային պայմանավորվածություններին, որոնք երկիրը կնքել է տարբեր տարիների ընթացքում։

Խաչատուրյանը նշեց, որ Հայաստանը, ինչպես աշխարհի մյուս երկրները, ունի արտանետումները կրճատելու և սահմանափակելու, այլընտրանքային էներգետիկ աղբյուրների տեսակարար կշռի մեծացման պարտավորություն։ «Մեր էներգետիկ ռազմավարության մեջ վերջերս փոփոխություն տեղի ունեցավ, և մենք նախատեսում ենք արդեն 2030 թվականին մեր էներգետիկ համակարգում արևային էներգիայի տեսակարար կշիռը հասցնել 15 տոկոսի։ Մենք ռեալ ենք համարում, որ 2030 թվականին կարող ենք հասնել դրան»,- ասաց Խաչատուրյանը՝ նշելով, որ այս պահին արևային էներգիայի տեսակարար կշիռը Հայաստանի էներգետիկ համակարգում 5 տոկոս է։  

Նախագահը մանրամասնեց, որ մինչև 2040 թվականը նախատեսվում է ընդհանրապես այլընտրանքային էներգիայի (հիդրոկայանները, հողմային և արևային էներգիա, ատոմային էներգիա) տեսակարար կշիռը ՀՀ էներգետիկ համակարգում հասցնել մինչև 60 տոկոսի:

Վահագն Խաչատուրյանը կարևորեց այն հանգամանքը, որ բոլորն են համաձայն, որ հարկավոր է հրաժարվել նաև հանածո վառելիքի օգտագործումից  և աստիճանաբար անցնել այլընտրանքային էներգիայով աշխատող ավտոմեքենաների օգտագործման՝ հստակեցնելով, որ խոսքը հիմնականում էլեկտրոմոբիլների կամ, տեխնոլոգիական նոր լուծումներ գտնելու դեպքում, ջրածնով աշխատող մեքենաների մասին է։

Հաջորդ կարևոր խնդիրն այս գործընթացում նոր տեխնոլոգիաների կիրառումն է։

Նախագահի խոսքով՝ վերը նշված պարտավորությունները համաշխարհային մակարդակով դրված են բոլոր երկրների առջև, և Հայաստանը չի կարող այդ ամենից զերծ մնալ։

--00—ԼՀ