Ադրբեջանի առաջարկներում կա որոշակի հետընթաց. Բաքուն պետք է հստակ ճանաչի ՀՀ ամբողջականությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

Հայաստանը խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներում որոշակի հետընթաց է տեսնում։ Այս մասին Հունաստանի ԱԳ նախարար Գիորգոս Գերապետիտիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարեց  Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Այո, ես կասեի, որ տեքստի որոշ հատվածներում ադրբեջանական առաջարկների հետընթաց կա, իսկ որոշ հատվածներում՝ առաջընթաց, մենք շատ կառուցողական աշխատեցինք այդ առաջարկների վրա և ուղարկեցինք Բաքու»,-նշեց նա։

Հայաստանի արտգործնախարարը հավելեց, որ կարևոր են այն սկզբունքները, որոնց հիման վրա պետք է խաղաղության պայմանագիր կնքվի, այն է՝ Ադրբեջանը պետք է հստակ ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, հստակ շարադրվեն ապագա սահմանների սահմանազատման չափանիշները։ Հաղորդակցությունները պետք է բաց լինեն երկկողմանիության սկզբունքների հիման վրա և այն երկրների ինքնիշխանության շրջանակներում, որոնց միջով դրանք պետք է անցնեն։

Միրզոյանը շեշտեց․

«Հայաստանն ակնկալում է շարունակել բանակցությունները Ադրբեջանի հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ