Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է․ իշխանական պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

գագ

Ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է, «Ազատության»-ը փոխանցել է խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը:

Զենքի խմբաքանակը, ըստ նրա, Հայաստան է հասել վերջերս:

Գագիկ Մելքոնյանի խոսքով՝ այդ խմբաքանակը Հայաստանին է փոխանցվել Ռուսաստանի հետ ավելի վաղ կնքված պայմանագրի շրջանակներում:

Օրերս Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Հանրայինի եթերում, պատասխանելով հարցին, թե ռուսական զենքը ստանո՞ւմ է Հայաստանը, որը պատվիրված էր, ասել է՝ «ինչ-որ մասնաբաժնով այո»։

«Ինչ-որ բան տալիս են, էն ծավալով չէ, որ մենք ակնկալում ենք՝ մեր կնքած պայմանագրի ծավալի առումով, բայց դրանք ընթացքում կկարգավորվեն, համոզված եմ», - ասել է Քոչարյանը։

«Ազատության» հարցին, թե Հայաստանը ե՞րբ, ի՞նչ խմբաքանակ ի՞նչ զենք է ստացել Ռուսաստանից՝ ավելի վաղ կնքված պայմանագրի շրջանակներում, ՊՆ-ից հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։

44-օրյա պատերազմից հետո Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, նրանց թվում՝ վարչապետ Փաշինյանը պարբերաբար դժգոհել են, որ ռազմավարական դաշնակիցը սպառազինություն չի մատակարարում, թեև դրանց դիմաց հարյուրավոր միլիոններ են վճարվել։

--00—ԼՀ