Վենետիկում մեկնարկել է ավանդական կառնավալը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

վեն.

Վենետիկի Մեծ ջրանցքում հունվարի 28-ին ռեգատայով (խմբ․՝ առագաստանավերի մրցարշավ) մեկնարկել է Վենետիկի ավանդական կառնավալը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ RAI News 24-ը հաղորդում է, որ շոուն կտևի մինչև փետրվարի 13-ը՝ կաթոլիկ տոմարով «Ավագ երեքշաբթին»։

Այս տարի կառնավալային ծրագրերը նվիրված են վենետիկցի վաճառական և ճանապարհորդ Մարկո Պոլոյին, որը մահացել է 700 տարի առաջ: Փողոցային արտիստների և երաժիշտների բազմաթիվ ելույթներում, ինչպես նաև թատերական ներկայացումներում ամեն ինչ հագեցած կլինի Ասիայի ոգով, ուր կատարած ճանապարհորդությունները նկարագրել է Մարկո Պոլոն: 2024 թվականի ծրագիրը կներառի նույնիսկ չինական Նոր տարվա տոնակատարությունը, որին նվիրված կլինեն առանձին ծրագրեր և  երթեր փետրվարի 2-13-ը։

Միջոցառման գլխավոր հերոսները դիմակավորված անձինք են, ովքեր դուրս են գալիս քաղաքի փողոցներ և կամուրջներ։ Վենետիկում դեռ կան արհեստանոցներ, որտեղ կարում են տարազներ, պատրաստում դիմակներ։ Մեկ ամբողջական իսկական կոստյումի արժեքը կարող է հասնել մի քանի հազար եվրոյի։ Կառնավալի ժամանակ տեղի է ունենում ամենագեղեցիկ դիմակի մրցույթ։

Վենետիկի կառնավալը հնագույններից մեկն է աշխարհում, որի սկզբնավորումը հասնում է վաղ միջնադար: Վենետիկի  Հանրապետության ծաղկման շրջանում (697-1797) վենետիկցիները դիմակներ էին կրում հոկտեմբերից մինչև «Ավագ երեքշաբթի»:

Կառնավալային տոնակատարությունների ավանդույթը վերացրել էր Նապոլեոնը: Այն վերականգնել են 1970-ական թվականներին:

--00—ԼՀ