Արցախի հարցի վրա կափարիչ են փորձում դնել, փակել այն, սա մեծ հարցեր է առաջացնում. Շահրամանյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

Հակակոռուպցիոն կոմիտեի մոտ 24News-ի հետ զրույցում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն անդրադարձել է երկու օր առաջ իր թիկնազորի աշխատակցի` Աշոտ Դանիելյանի ձերբակալման հարցին։

«Կխնդրեի պատասխանատու ուժային մարմիններին` շատ կարճ ժամանակահատվածում լուծել Աշոտ Դանիելյանին ազատ արձակելու հարցը քանի որ այդ գործը շինծու է: Մեծ հարցեր է առաջացնում նաև այդ ձերբակալության օրինաչափությունը` 20 հոգով, դիմակավորված, քաղաքի կենտրոնում ձերբակալել անձի, որը կապ ունի Արցախի ղեկավարի հետ և ձերբակալել նրան նախագահին սպասարկող մեքենայի միջից, կարծում եմ, որ բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս և մենք առաջիկայում կստանանք այդ հարցերի պատասխանները»,- ընդգծեց Արցախի նախագահը:

Նա նաև նշեց, որ այս ամենը կապ ունի նրա հետ, որ փորձում են այն ամենն ինչ կապված է Արցախի հետ կափարիչ դնել դրա վրա և փակել այդ հարցը, բայց իր խոսքով, պետք չէ գնալ այդ ճանապարհով, պետք է գտնվեն լուծումներ` Արցախի խնդրի, արցախցիների խնդիրների լուծման համար. «Իմ կարծիքով, եթե այդ հարցը չստանա արդարացի լուծում մենք ունենալու ենք այս բաց վերքը և այն միշտ արյունահոսելու է»,-ասաց նա։

Մերի Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ