Փաշինյանը սիրում է միջամտել արդարադատությանը. հայտնի դեպքեր. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

փփ

«Հրապարակը» գրում է. «Փետրվարի 14-ին Քրեակատարողական ծառայության գործունեության հաշվետվության քննարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին։ Նա ակնարկել էր 2023 թ. օգոստոսի 1-ին տեղի ունեցած միջադեպը, երբ ԱԱԾ մեկուսարանից ԱԺ տեղափոխվելու ճանապարհին ուղեկցողները թույլ էին տվել Տոնոյանին՝ հանդիպել մորը, ինչից հետո ՔԿԾ պետ Ատոմյանին ազատեցին աշխատանքից, իսկ արդարադատության նախարարությունը սկսեց ուսումնասիրություն տեսակցությունը թույլատրող դատավորի մասով։ Փաշինյանն ասաց, որ դա վերաբերմունք է ձեւավորում ընդհանրապես օրենքի, օրինականության նկատմամբ, եւ այստեղ ամենեւին էլ անձնավորված մոտեցման մասին չէ խոսքը. «լավություն անել պետության հեղինակության հաշվին՝ բացարձակապես անընդունելի է»,- ասել էր նա` դատապարտելով 2 տարի շարունակ բանտում գտնվող անձի հանդիպումը տարեց մոր հետ։ 

Դավիթ Տոնոյանը նախօրեին հանդես եկավ հայտարարությամբ` սա որակելով որպես ապացույց, որ իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ուղղորդվում է Փաշինյանի կողմից։ «Այդ միջամտությունն այն աստիճան խորն է, որ վերջինս հետեւում է իմ բոլոր քայլերին, այդ թվում՝ մորս հետ տեսակցություններին եւ այդ մասին չի խորշում խոսել հրապարակայնորեն»,- ասել է նա: 
Բայց սա վարչապետի կողմից իրավապահ մարմիններին ուղղորդելու, արդարադատությանը միջամտելու բազմաթիվ դեպքերից միայն մեկն է: Սկսած Նիկոլ Փաշինյան-Արթուր Վանեցյան-Սասուն Խաչատրյան գաղտնալսման դեպքից, երբ նա ուղիղ հրահանգներ էր տալիս վերջիններիս Մարտի 1-ի գործով, նաեւ դատավորներին զանգելու մասին էր խոսում։ Այս գործը քննվեց 3 տարի, ապա կասեցվեց, եւ այդպես էլ չհրապարակվեց, թե ով էր ձայնագրել Փաշինյանին եւ առաջին անգամ բացահայտել արդարադատությանը միջամտելու, քննչականներին ուղղորդելու Փաշինյանի բնավորությունը։ Իհարկե, նա հերքեց, որ միջամտել է արդարադատությանը՝ ասելով, որ դատավորներն իրենք էին իրեն զանգում։ Բայց հետագայում դեպքերը կրկնվեցին։ Երբեմն Փաշինյանն ինքն էր խոստովանում, որ միջամտել է արդարադատությանը։ 

Կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի նիստում Փաշինյանը խոսեց «որդեգրումների» հայտնի գործի մասին՝ նշելով, որ հստակ հանձնարարականներ է տվել ԱԱԾ-ին, ոստիկանությանն ու մյուսներին։ Ավելին՝ նա պահանջեց այն ժամանակվա ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանից, որ վերջինս հաշվետու լինի արված աշխատանքի վերաբերյալ, ապա հայտարարեց, որ «կան կասկածներ, որ այդ մեխանիզմը բավական երկար ժամանակ է գործել, եւ մենք պետք է խնդիր դնենք գործի ամբողջական քննության իրականացումը, որպեսզի գործն ամբողջությամբ բացահայտվի՝ իր բոլոր մետաստազներով»։ Մեծ ճռռոցով` երկու տարի անց գործը գնաց դատարան, բայց մինչեւ այսօր դատարանը չի կարողանում դատավճիռ կայացնել` մետաստազները չեն երեւում, ոչ էլ մեղքն է ապացուցվում, եւ ամենակարեւորը` չկա տուժող այս գործով։ »:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

 --00—ԱՊ