Իրանը մտադրված է ակտիվորեն մասնակցել ՀՀ-ում քաղշին ծրագրերին, ներգրավել մասնագետների

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

ֆֆ

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը մարտի 6-ին ընդունել է իրանական «BLUE&P Group» ընկերության ներկայացուցիչներին։ Հայտնում են Կոմիտեի մամուլի ծառայությունից։ 

Քննարկվել են քաղաքաշինության ոլորտում համագործակցության ուղիներն ու ներդրումային հնարավոր ծրագրերը:

Դավիթ Գրիգորյանը ներկայացրել է Քաղաքաշինության կոմիտեի գործունեությունը, ծանոթացրել Հայաստանի քաղաքաշինության բնագավառում գործունեություն ծավալելու թույլտվության տրամադրման դյուրացված ընթացակարգին, որից հաջողությամբ օգտվել են նաև իրանական կազմակերպությունները։

Անդրադարձ է եղել ՀՀ կառավարության ծրագրով իրականացվող քաղաքաշինական ծրագրերին, մասնավորապես՝ առողջապահական, մարզական կառույցների, դպրոցների, մանկապարտեզների կառուցմանը։

Քննարկվել է նաև Հայաստանում շինարարական նյութերի արտադրություն հիմնելու գաղափարը՝ հաշվի առնելով հատկապես մետաղական կոնստրուկցիաների մեծ պահանջարկն ու կիրառության ընդլայնումը։

«BLUE&P Group»-ի տնօրեն Մանսուր Սաիդին ընդգծել է ընկերության հետաքրքրվածությունը Հայաստանի քաղաքաշինության ոլորտով։ Նա տեղեկացրել է, որ վեց դուստր ձեռնարկություն ներառող «BLUE&P Group»-ը գործունեություն է ծավալում տասնյակից ավելի երկրներում։ Հայաստանում մինչ այժմ իրականացրել է առավելապես էներգետիկ ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներ։ Ընկերությունը մտադրված է ակտիվորեն մասնակցել այլ ուղղություններով քաղաքաշինական առաջիկա ծրագրերին, որոնց իրագործման նպատակով պատրաստ է Իրանից ներգրավել ինչպես մասնագիտական ներուժ, այնպես էլ շինարարական տեխնիկա, սարքավորում և շինարարական նյութեր։

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ շարունակելու նախանշված ուղղություններով համագործակցությունը։

--00—ՍՊ