ՀՀ-ԵՄ համագործակցությունը անդրադառնում է ԱՆ բարեփոխումների օրակարգի ողջ սպեկտրին. Մինասյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

ֆֆ

Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն անցած օրերին Բրյուսելում հանդիպումներ է ունեցել ԵՄ ոլորտային հանձնակատարների հետ՝ ներկայացնելով Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումները։  

«Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցի հարցերին պատասխանելով՝ նախարար Մինասյանն ընդգծել է, որ քննարկվել են նաև միջազգային կոնվենցիոն մեխանիզմներին ՀՀ անդամակցության գործընթացներն ու վերջին զարգացումները։ Առանձնակի քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավական ու սոցիալական երաշխիքների ապահովման ու ամրապնդմանն ուղղված գործիքակազմերի կատարելագործմանը վերաբերող հարցեր։

-Արդարադատության նախարարության Եվրամիության հետ համագործակցությունն ի՞նչ մակարդակում է գտնվում։

-Արդարադատության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցությունն իրականացվում է արդյունավետ փոխգործակցության տարբեր ձևաչափերով, այդ թվում՝ ԵՄ տարբեր գործիքակազմերով աջակցության տրամադրումն ու փորձի փոխանակման, ինչպես նաև թիրախային ծրագրերի իրականացման տեսքով։

Հարկ է ընդգծել, որ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA) հանդիսանում է որպես ԵՄ-ի հետ համագործակցությունն ամրագրող հովանոցային փաստաթուղթ։ Համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի շրջանակներում նախարարությունը հանդիսանում է քսանմեկ բարեփոխումային գործողությունների իրականացման պատասխանատու և մինչ 2024թ. իրականացրել է իր ստանձնած հանձնառությունները, մոտավորապես 90 %-ով։

Համագործակցության կարևոր ձևաչափ է ՀՀ-ԵՄ արդարադատության, ազատության, անվտանգության հարցերով ու Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով ենթակոմիտեների տարեկան նիստերի անցկացումը։ Այս տարի թվով 13-րդ նիստերն են անցկացվել, որտեղ քննարկվել են դատաիրավական ու հակակոռուպցիոն բարեփոխումներին, անձնական տվյալների պաշտպանությանը, մարդկանց թրաֆիքինգին առնչվող հարցեր։ Մարդու իրավունքների շուրջ երկխոսությունն ընդգրկում է ընտրական բարեփոխումների իրականացմանը, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի, քրեակատարողական համակարգի բարեփոխումներին, խոշտանգումների դեմ պայքարի գործիքակազմին, խոսքի և տեղեկատվության ազատության իրավունքի ապահովմանը, գենդերային հավասարության ապահովմանը և ընտանեկան բռնության դեմ պայքարին առնչվող հարցերը:

Որպես երկկողմ համագործակցության լավագույն ձևաչափ՝ 2019թ.-ից գործարկվել է ՀՀ-ԵՄ արդարադատության հարցերով երկխոսության հարթակը։ Հարթակը հնարավորություն է տալիս ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչների, արդարադատության ոլորտին առնչվող բոլոր պետական մարմինների ու հասարակական կազմակերպությունների հետ համատեղ քննարկել ոլորտային բարեփոխումներն ու զարգացումները, ինչպես նաև բարձրաձայնել մտահոգություններն ու հիմնախնդիրները՝ տեղում հնարավոր լուծումներ գեներացնելով։ Նշեմ, որ նախորդ տարի դեկտեմբերին տեղի ունեցավ հարթակի չորրորդ հանդիպումը, իսկ հաջորդը նախատեսվում է անցկացնել այս գարնանը։ 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00—ՍՊ