Սևանի հարկայինի պետը, նրա տեղակալն ու տեսուչը գրավի դիմաց ազատ են արձակվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

պետ

Մամուլում այսօր տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ ՊԵԿ-ի մի խումբ պաշտոնյաներ նախնական համաձայնությամբ շորթմամբ խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով քննվող քրգործով որպես մեղադրյալ ներգրավված ՊԵԿ աշխատակից Սուրեն Էլոյանը, ում նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը, «անաղմուկ ազատ է արձակվել և վայելում է իր հանգիստը» և գտնվում է ՀՀ-ից դուրս:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ նշված քրգործով որպես մեղադրյալ ներգրավված երեք պաշտոնատար անձինք, այդ թվում՝ նաև Սուրեն Էլոյանը, նախնական կալանքից ազատ են արձակվել դատարանի կողմից այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառման արդյունքում:

«Դատարանի այդ որոշումները ՀՀ դատախազության կողմից բողոքարկվել են վերադաս դատարան՝ համարելով դրանք չհիմնավորված: Վաղարշակ Լալայանի և Սամսոն Առաքելյանի մասով տարվել է վերաքննիչ բողոք, իսկ Սուրեն Էլոյանի մասով վճռաբեկ բողոք: Դրանցով դեռևս որոշումներ չեն ընդունվել:

Հարկ եմ համարում պարզաբանել նաև, որ Սուրեն Էլոյանի՝ տվյալ պահին Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվելու մասին ՀՀ դատախազությունը տվյալներ չունի:

Տեղեկացնեմ, որ նշված երեք անձանց մասով քրեական գործը դատական քննության փուլում է»,-գրել է Աբրահամյանը։