Փաշինյանն ասել է՝ եթե գյուղերը չտանք, Թուրքիան Արմավիրից հարձակվելու է, Ադրբեջանը՝ Ոսկեպարից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

 

Այսօր գրել էինք, որ Տավուշի համայնքների ընդդիմադիր ղեկավարները խուսափում են խոսել Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից: Մեզ հետ քիչ առաջ կապ հաստատեց Նոյեմբերյան համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանը, վերջինս նշեց, որ հանդիպման էր և միայն հիմա է կարողացել ազատվել և կապվել մեզ հետ: Աղաբաբյանը 24News-ի հետ զրույցում մի շարք մանրամասներ հայտնեց տեղի ունեցած հանդիպումից: 

Մասնավորապես, Աղաբաբյանը նշեց, որ Փաշինյանն ասել է՝ եթե գյուղերը չտանք, Թուրքիան Արմավիրից է հարձակվելու, Ադրբեջանը՝ Ոսկեպարից՝ այսպիսով անխուսափելի ներկայացնելով Տավուշի մարզի 4 գյուղերի հանձնումը: 

Աղաբաբյանը հավելեց, որ համայնքի ղեկավարներն ու գյուղացիները կտրականապես դեմ են գյուղերի հանձնմանը, որի մասին և տեղեկացրել են Փաշինյանին: Փաշինյանն էլ իր հերթին նշել է, որ  որևէ բան բնակիչներից թաքուն չի արվելու. «Առանց ձեզ ոչ մի բան չի կարող լինել, պետք է՝ ես էլի կգամ` 2 անգամ, 3, 5, 10, 20 անգամ կգամ, էնպես չի լինելու, որ դուք չիմանաք, թե ինչ է կատարվում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 

Մենք տեղեկացանք նաև, որ Փաշինյանի այցի մասին ի սկզբանե հայտարարված չի եղել, միայն այսօր` առավոտյան ժամը 11:00-ին են համայնքի ղեկավարներն իմացել, որ այցելելու է Տավուշ: Ընդ որում, բոլորի հեռախոսներն, այդ թվում` համայնքապետերինը, նախօրոք վերցրել են:

Մերի Մանուկյան