Իշխանությունները հրահանգել են Տավուշի համայնքապետերին ոչինչ չպատմել Փաշինյանի հետ հանդիպումից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

f

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպեսև նախորդ շաբաթ տեղի ունեցած իր ասուլիս ժամանակ խոստացել էր, այսօր այցելել է Տավուշի մարզ: 

Ոսկեպարի մշակույթի տանը վերջինս հանդիպել է Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան, Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավարների և բնակիչների հետ: 

Տեղի բնակիչներից շատերը գոհ չեն հանդիպումից, ասում են` Փաշինյանը նշել է, եթե չհանձնի այդ 4 գյուղերը, Ադրբեջանը պատերազմ կսկսի, այն էլ՝ Թուրքիայի հետ միասին:

24News-ը փորձեց կապ հաստատել վերոնշյալ համայնքապետերի հետ, հասկանալու՝ ի վերջո ի՞նչ են խոսել, քննարկել, սակայն վերջիններս միաբերան խուսափում էին որևէ դիրքորոշում, կարծիք հայտնելուց:
Եղան նաև համայնքի ղեկավարներ, որոնք նշում էին. «Մենք ինչ խոսում ենք` մեր դեմ է օգտագործվում, դրա համար բան չեմ ասի»:

24News-ի աղբյուրները հայտնում են, որ «վերևից» ուղիղ հրաման է իջեցվել որևէ բան չասել: Զարմանալին այն է, որ Փաշինյանի իջեցրած հրահանգին են ենթարկվում նաև Տավուշի համայնքների ընդդիմադիր ղեկավարները: Նրանք ևս տարբեր պատրվակներով խուսափեցին որևէ բան ասել, ոմանք, ըստ իրենց, մինչ այս պահը շատ կարևոր հանդիպման են:   

Հիշեցնենք, որ վերջին օրերին Ադրբեջանը հանդես էր եկել հայտարարությամբ և Հայաստանից պահանջել անհապաղ և առանց որևէ պահանջի վերադարձնել 4 գյուղերը, որոնք, ըստ իրենց պնդման, անդրբեջանական են:

Մերի Մանուկյան