ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա

 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

դդ
Monument Watch. Խնածախի մելիքական ապարանքը

Խնածախը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում, մարզկենտրոն Կապանից 109 կմ, խոշորացված համայնքի կենտրոն Տեղ գյուղից 17 կմ, իսկ Գորիս քաղաքից 28 կմ հեռավորության վրա։ Ծովի մակերևույթից ունի 1380 մետր բարձրություն։ Գյուղի տարածքում գտնվող բազմաթիվ հուշարձաններից է Մելիք Հախնազարի ապարանքը (նկ․ 1)։

Պատմական ակնարկ

Ստեփանոս Օրբելյանը գյուղը հիշատակում է Հաբանդ գավառի կազմում և հարկացուցակում նշում 20 միավոր հարկով (Օրբէլեան 1910, 399)։ 15-18-րդ դարերում Քաշաթաղի մելիքությունը ծաղկուն, բացառապես հայաբնակ կիսանկախ կազմավորում էր՝ որի աթոռանիստ կենտրոններն էին Քաշաթաղ և Խնածախ բնակավայրերը, որտեղ իշխում էին Մելիք-Հայկազյանները: Այս տոհմի հիմնադիրը՝ 15-17-րդ դարերի պատմական աղբյուրներից հայտնի պարոն կամ իշխան Հայկազն էր, ով սերում էր Խաղբակյան-Պռոշյան իշխանատոհմից (Հովսեփյան 1928, 232): 16-րդ դարում Մելիք Հայկազի որդի Մելիք Հախնազարը մելիքության կենտրոնը Քաշաթաղ ավանից տեղափոխում է Խնածախ և կառուցում նոր ապարանք (Հասրաթյան 1985, 158)։ Պատմական աղբյուրներում այս ապարանքի վերաբերյալ տեղեկություններ չկան։

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

Մելիք Հախնազարի ապարանքի ընդհանուր համալիրից պահպանվել են միայն երկու հատվածներ՝ հիմնական երկհարկանի կառույցը և դրա հետնամասում գտնվող գլխատունը (նկ․ 2)։ Կառույցների պատերն ունեն 1,2 մետր հաստություն և կառուցված են հիմնականում տեղական կոպտատաշ քարից։  Պատերի, բացվածքների, որմնախորշերի ու կամարների եզրաշարերը և երեսբաց վերնասրահի ամբողջ ճակատը կառուցված են սրբատաշ քարերով: Պատերը ներքուստ սվաղված են կրաշաղախով (Ղուլյան 2001, 25)։

Ապարանքի հիմնական հատվածը տեղադրված է ձորալանջի հենապատից 6 մետր հետ, ունի կիսագլանաձև թաղով ծածկված կրկնահարկ հորինվածք և առնված է ճակտոնավոր երկլանջ տանիքի տակ (Ղուլյան 2001, 25): Կառույցի առաջին հարկը ուղղանկյուն է (ներքուստ' 3,9x6,2x3,9 մետր), երկայնական պատերում կան երեքական որմնախորշեր, իսկ աջակողմյան կենտրոնական որմնախորշը օջախ-բուխարի է (նկ․ 3):

Ունի մեկ կամարակապ շքամուտք և մեկ պատուհան: Երկրորդ հարկի մուտքը հարավարևմտյան պատի վերջնամասում է և բացվում է դեպի ետնաբակը (նկ․ 4), իսկ ճակատը լուծված է եզրային որմնաելուստների վրա հենվող և ծածկաթաղի թռիչքն ընդգրկող կամարային բացվածքով (վերջինս հետագայում փակվել է երկու պատուհան ունեցող պատով) (Ղուլյան 2001, 25):

Համալիրի պահպանված երկրորդ կառույցը ետնաբակի խորքում գտնվող գլխատունն է (ներքուստ' 6,0x7,0 մետր)։ Կառույցն ունի անկյունամերձ չորս փայտե սյուների վրա բարձրացող երդիկավոր «հազարաշեն» տանիք: Երեք պատերում կան մեկական պատրհաններ, որոնցից ճակատապատինը հետագայում վեր է ածվել պատուհանի: Ճակատային կողմում ունի մեկ շքամուտք և երկու կամարակապ որմնախորշերով (Ղուլյան 2001, 25): Գլխատունը բակի կողմից ունեցել է կամարակապ սրահ, որը չի պահպանվել (Պապուխյան 1963, 58), չեն պահպանվել նաև համալիրի պարսպապատը և օժանդակ մյուս շինությունները (նկ․ 5):

Վիճակը 2020-2022 թթ ադրբեջանական ագրեսիայից հետո

Արցախյան 44-օրյա պատերազմից և դրան հաջորդած սահմանային փոփոխություններից հետո Մելիք Հախնազարի ապարանքը հայտնվել է սահմանից 700 մետր հեռավորության վրա։

Մատենագրական քննություն

Ն․ Պապուխյանը և Վ․ Հարությունյանը իրենց աշխատություններում ապարանքը թվագրում են 17-րդ դարով և վարագրում են Մելիք Հայկազ Բ-ին՝ Մելիք Հախնազարի որդուն։ Հետազոտողներ Մ․ Հասրաթյանը և Ա․ Ղուլյանը, հիմք ընդունելով պատմական տեղեկությունները, ապարանքը թվագրում են 16-րդ դարի առաջին կեսով, կառույցը համարելով 16-րդ դարի աշխարհիկ ճարտարապետության եզակի օրինակ։ Սակայն կառույցը իր ճարտարապետական մանրամասներով նույնանում է տարածաշրջանի 17-րդ դարի հոգևոր և աշխարհիկ օրինակների հետ և այս տեսանկյունից կարիք ունի մանրամասն քննության։