Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

ի

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ներկայացրել է «ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը: Նախարարն անդրադարձ է կատարել «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարություն»-ից բխող նոր՝ 2023-2025թթ. գործողությունների ծրագրին, նշել, որ 2023թ. կատարման ենթակա գործողությունների շրջանականերում արդեն իսկ անցկացվել են ժողովրդավարության և իրավունքի գերակայության թեմաներով վերապատրաստումներ մի շարք ուսուցիչների համար, ընդունվել է «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագիծը, որում ներառվել են երեխայի տեսակցության պահանջի հարկադիր կատարմանն առնչվող նոր կարգավորումներ: Ամփոփվել է նախորդ՝ 2020-2022թթ. ՄԻՊ ռազմավարությունից բխող գործողությունների կատարողականը, որը կազմել է շուրջ 81 տոկոս:

Գրիգոր Մինասյանն արձանագրել է, որ 2023 թվականից բոլոր տեսակի հարցաքննությունները տեսաձայնագրում են, ինչը իրավունքների պաշտպանության հավելյալ երաշխիք է հարցաքննվողի համար: Բարեփոխումներ և նորոգման աշխատանքներ են իրականացվել Քրեակատարողական հիմնարկներում, բարելավվել են դատապարտյալների պահման պայմանները: Ազատազրկված անձանց համար իրականացվել են կրթական ծրագրեր, որից օգտվել է շուրջ 150 անձ:

2023թ. հունվարի 1-ից ներդրվել են «տնային կալանք» և «վարչական հսկողություն» խափանման միջոցները: Արդարադատության նախարարը նշել է, որ մեկ տարվա ընթացքում 870 անձ, Քրեակատարողական հիմնարկում հայտնվելու փոխարեն, պատիժը կրում է տանը կամ վարչական հսկողության պայմաններում:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին:

--00—ԼՀ