Եվրոպայի խորհուրդը 2,8 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանում փախստականների խնդիրների լուծման համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

պ.j

Ապրլի 11-ին, հինգշաբթի, Եվրոպայի խորհուրդը կներկայացնի Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու Եվրոպայի խորհրդի միջոցառումների համալիր փաթեթը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 2․8 միլիոն եվրո։

Գործողությունների փաթեթը կազմվել է Եվրոպայի խորհրդի Միգրացիայի և փախստականների հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի 2023 թվականի հոկտեմբերի 11-ից 13-ի այցի արդյունքների հիման վրա, որի ընթացքում Հայաստանի իշխանությունների հետ համատեղ սահմանվեցին Հայաստանի համար աջակցության կոնկրետ ոլորտները՝ Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրին (2023-2026թթ․) և Միգրացիայի և ապաստանի համատեքստում խոցելի անձանց պաշտպանության գործողությունների ծրագրին (2021-2025թթ․) համահունչ:

Արձագանքման փաթեթի շրջանակներում, որը Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրի (2023-2026թթ․) անբաժանելի մասն է, Եվրոպայի խորհուրդը նշում է 2023 թվականին Հայաստան բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը, հատկապես խոցելի խմբերում ընդգրկված փախստական երեխաների և կանանց իրավունքների պաշտպանությունը, փախստականներին ընդունած համայնքներին, մարդու իրավունքների պաշտպանության հաստատություններին աջակցություն, Հայաստանի առողջապահության համակարգում Ղարաբաղից բուժաշխատողների լիարժեք ինտեգրում, ինչպես նաև հոգեբանական աջակցության տրամադրում:

Արձագանքման փաթեթի շրջանակներում Եվրոպայի խորհուրդը նախաձեռնել է չորս նոր ծրագիր և լրացուցիչ բաղադրիչներ է ներառել երկու ընթացիկ ծրագրում:

Ակնկալվում է, որ միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը, ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնապարար Աննա Ժամակոչյանը և Եվրոպայի խորհրդի Միգրացիայի և փախստականների հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Դեյվիդ Բեսթը։ Փաթեթի նպատակների և ակնկալվող արդյունքների համառոտ նկարագիրը կներկայացնի Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխը։

--00—ԼՀ