Կուրգանում հեղեղի ջրի ծավալը վիթխարի է, բնակիչներին կրկին կոչ են անում տարհանվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

gg

Ռուսաստանում գետերի գարնանային վարարման հետևանքով հեղեղումների ենթարկված Կուրգանի մարզի ղեկավար Վադիմ Շումկովը հայտարարել է, որ մարզկենտրոնին ջրի հսկայածավալ ալիք է մոտենում։

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին Շումկովը հայտնել է Տելեգրամ ալիքում հրապարակած հաղորդագրության մեջ ։

«Բացի Տոբոլի սեփական ջրերից և նրա մեջ թափվող աղբյուրների ջրերից, Ղազախստանից հոսում է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն խորանարդ մետր ջուր, ինչը, ըստ Ջրային ռեսուրսների դաշնային գործակալության, կրկնակի գերազանցում է 1994 թվականի ծավալը», - գրել է նա՝ հավելելով, որ

ջրհեղեղի «գլուխը» այժմ գտնվում է Կուրգան քաղաքից 10 կմ հեռավորության վրա։

«Ջրի ծավալը վիթխարի է, այն ամենը, ինչ տեսնում ենք Կուրգանում, երբ Չերեմուխովոն հեղեղված է, դեռևս մի փոքր մասն է այն ծավալի, որը մոտենում է քաղաքին»,- ընդգծել է մարզի ղեկավարը։

Շումկովը ջրհեղեղի գոտում հայտնված բնակավայրերի բնակիչներին  կրկին կոչ է արել տարհանվել։

«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Ուրալի հիդրոօդերեւութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի վարչության մասնագետները կանխատեսում են, որ ապրիլի 15-18-ը Կուրգան քաղաքի մոտակայքում գտնվող Տոբոլ գետի մակարդակը կշարունակի բարձրանալ,  որոշ օրերին՝ կտրուկ։

Ապրիլի 8-ին Կուրգանի շրջանում արտակարգ դրություն է մտցվել ջրհեղեղի պատճառով։

ՏԱՍՍ-ի տեղեկություններով՝ ապրիլի 15-ի առավոտվա դրությամբ Ռուսաստանի 33 տարածաշրջանի 193 բնակավայրում գարնանային հեղեղումների հետևանքով ջրի տակ են անցել 15 հազար 641 բնակելի տուն և 27 հազար 993 տնամերձ հողամաս։

Ըստ աղբյուրի՝ բնակելի տներ են ողողվել  Օրենբուրգի, Սամարայի, Կուրգանի և Օմսկի մարզերում։ Օրենբուրգի մարզում պահպանվում է հեղեղումների առավել բարդ իրավիճակը։

--00—ՍՊ