Ռումանիայի հայոց թեմի հայաշատ ծխերում կայացել են ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

.

Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին նվիրված հիշատակի միջոցառումներ են ապրիլի 24-ին կայացել  Բուխարեստում, Կոնստանցայում, Պիտեշտում, Ֆոկշանում, Սուչավայում և Ռումինիայի հայոց թեմի հայաշատ ծխեր ունեցող մյուս քաղաքներում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռումանիայի հայոց թեմի մամուլի դիվանից։

«Այսօր աշխարհասփյուռ հայությունը մոլորակի տարբեր անկյուններից իր աղոթքն է հնչեցնում առ Բարձրյալն Աստված մեկ ու կես միլիոն սուրբ նահատակների համար և դիմում է նրանց բարեխոսությանը: Ուղիղ 104 տարի առաջ, 1915թ. և դրան նախոորդող ու հաջորդող տարիներին, միլիոնավոր հայեր նահատակվեցին, ցեղասպանվեցին ու փորձ արվեց ջնջել հայի տեսակը երկրագնդի երեսից:

Ռումանիոյ հայոց թեմում ևս կազմակերպվեցին միջոցառումներ, մատուցվեցին սուրբ պատարագներ և ռումինահայությունն իր ձայնը բարձրացրեց հանուն արդարության և ոճրագործության դատապարտման:

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության սուրբ նահատակներին նվիրված հիշատակի միջոցառումներ տեղի ունեցան նաև Բուխարեստում, Կոնստանցայում, Պիտեշտում, Ֆոկշանում, Սուչավայում և Ռումինիայի հայոց թեմի մյուս հայաշատ քաղաքներում: Բուխարեստի առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում, ձեռամբ Թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի, մատուցվեց Ս. Պատարագ: Ներկա էին Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, հավատացյալներ:

Սրբազան Հայրն իր քարոզում միասնության ու համախմբման կոչ արեց՝ մասնավորապես նշելով. ,, Մեր ժողովուրդը, որն այսօր դիմակայում է բազում խնդիրների ու դժվարությունների, Հայրենիքի շրջափակման ու պատերազմի սպառնալիքի, վճռականորեն շարունակելու է արդարության իր պայքարը: Հայոց Ցեղասպանությունից 104 տարիներ անց մեր նահատակների արյան, մեր կորուսյալ Հայրենիքի, մեր սրբավայրերի, մեր ոչնչացված մշակութային բազում արժեքների հանդեպ արդարությունը դեռևս չի վերականգնված` չնայած Հայոց Ցեղասպանությունը ճանաչվել ու դատապարտվել է շատ պետությունների ու հեղինակավոր կազմակերպությունների կողմից, որոնց երախտապարտ է մեր ժողովուրդը: Սակայն այն, որ դեռևս կան երկրներ ու կազմակերպություններ, որոնք դեռ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը կամ աչք են փակում պատմության մութ էջերի վրա, առիթ ու հնարավորություն է ընձեռում շատերին այսօր էլ տարատեսակ բռնություններ ու ոճրագործություններ իրականացնել ու անպատիժ մնալ:

Մենք մեծապես ուրախ ենք, որ համայն հայության միասնության, համակարգված աշխատանքի և ջանքերի շնորհիվ այս տարեսկզբին արդեն հաջողություններ արձանագրեցինք մեր արդար դատի ճանապարհին: Նախ մարտի 20-ին ԱՄՆ Ալաբամա նահանգը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը` դառնալով ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած ԱՄՆ 49-րդ նահանգը: Ներկայում միայն Միսիսիպի նահանգն է, որ դեռևս չի ճանաչել 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված ոճիրը: Այնուհետև ապրիլի 10-ին Իտալիայի Խորհրդարանը հաստատեց Հայոց Ցեղասպանությունը հաստատող բանաձևը: Միևնույն օրը` ապրիլի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը հրամանագիր ստորագրեց և ապրիլի 24-ը պաշտոնապես հռչակեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Մենք երախտապարտ ենք բոլոր երկրներին ու միջազգային կառույցներին, որոնք դատապարտում են նման ոճրագործությունը և աջակցում են մեզ կանխելու այլևս մարդկության դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն: Մեր այս միասնությունը ևս մեկ հնարավորություն է դատապարտության մեր ձայնը բարձրացնելու ընդդեմ մարդկության դեմ գործված հանցագործությունների, որոնք արդար գնահատական չեն ստացել, ինչպես և այսօր իրագործվող ոճրագործությունների դեմ, հատկապես` Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունների և ահաբեկչության, նաև` մեր կոչն ուղղելու բոլոր ժողովուրդներին, պետություններին, միջազգային կառույցների պատասխանատուներին, ի մասնավորի ռումին պետությանն ու քաղաքական գործիչներին` գործադրելու ամեն ջանք՝ նմանատիպ ոճրագործությունները կանխելու համար:

Ռումինահայ համայնքն այսօր իր ձայնը միացնում է աշխարհասփյուռ իր քույրերի ու եղբայրների ձայնին՝ շարունակելով պայքարել հանուն արդարության ու մեր իրավունքների պաշտպանության: Օրեր անց տոնախմբելու ենք Տիրոջ հարությունը և վստահ ենք, որ մի օր վերստին պիտի հանդիպենք մեր նահատակված քույրերի, եղբայրների, մանուկների ու ծերերի հետ: Քանզի ինչպես Քրիստոս է ասում. «Մի վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում, բայց ուրիշ ոչինչ չեն կարող անել, այն Նրանից, որ կարող է մարմինն ու հոգին կորստյան մատնել գեհենի կրակների մեջ»:

Մեր մաղթանքն ու հորդորն է, որ Տերը միասնական պահի մեր ժողովրդին, խաղաղ ու անսասան Հայաստան ու Արցախ աշխարհների սահմանները: Աղոթում ենք, որպեսզի Ամենակալ Աստված օգնական և աջակից լինի մեզ, հաջողություններ պարգևի մեր առաքելությանը` շարունակելու մեր միասնական ջանքերը հանուն աշխարհում խաղաղության, արդարության և համերաշխության հաստատման` ի փառս Աստծո, ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն համայն մարդկության,,:

Հավարտ Ս. Պատարագի ծաղկեպսակներ զետեղվեցին եկեղեցու պարտեզում կանգնեցված Հայոց Ցեղասպանության նահատակներին նվիրված խաչքարի առջև: Խոսքով հանդես եկավ նաև Ռումինիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը:

Հայցում ենք մեկ ու կես միլիոն նահատակաց բարեխոսությունը հանուն խաղաղության ու հայ ժողովրդի բարօրության»,- նշված է հաղորդագրության մեջ: