Մանվել Գրիգորյանը, լինելով օդիոզ դեմք, նաև Արցախի հերոս, ունի թշնամիներ․ պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն այսօր Վերաքննիչ դատարանում հայտարարեց՝ Մանվել Գրիգորյանը չի համաձայնվել, որ իրեն դեղեր ներարկեն Դատապարտյալների հիվանդանոցում, քանի որ կողքին ոչ ոք չի եղել, որ վստահեցնի՝ դա թույն չէ:

«Երբ հիվանդ մարդուն քաղաքացիական հիվանդանոցից տեղափոխում են Դատապարտյալների հիվանդանոց և ներկայացնում են փաստաթղթեր, դե գրի, ստորագրի…Գրիգորյանն ասում է՝ գիտեք, պաշտպաններս դռան հետևում են, թող գան, նրանց հետ կխորհրդակցեմ գուցե և ստորագրեմ ու ստանամ այդ բուժումները։ Մեզ կանգնեցնում են 5 ժամ, ու նրա մոտ չկա մեկը, որ ասի՝ գիտես ես քեզ թույն չեմ ներարկելու, քանի որ մենք ունենք նաև այդպիսի մտավախություններ․ մենք հասկանում ենք, որ Մանվել Գրիգորյանը, լինելով օդիոզ դեմք,  նախևառաջ՝ Արցախի հերոս, ունի նաև թշնամիներ»,- հայտարարեց Արսեն Մկրտչյանը։ Պաշտպանը նշեց, որ գործ ունեն ընտրովի արդարադատության հետ։

«Ներկայացրեք մի դեպք, գեթ մեկ օրինակ, որ նման հիվանդություններով նման տարիքի, նման արժանիքներ ունեցող անձը գրավ վճարելու ունակություն ունենալու պարագայում այսքան ժամանակ այս մեղադրանքներով գտնվի կալանքի տակ։ Մենք գործ ունենք իրական ընտրովի  արդարադատության հետ»։ Արսեն Մկրտրչյանը նաև տեղեկացրեց, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը նմանվում է վերակենդանացման հիվանդի առողջական վիճակին։ Նա հայտարարեց, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունենալիք դատական նիստին Գրիգորյանը չի մասնակցի, հետևաբար նիստը կհետաձգվի։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news