ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցողը դասական էսկալացիա է. Ալեքսանդր Խրամչիխին․ «168 ժամ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

Արցախ

«ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցողը դասական էսկալացիա է»,- այս մասին «168 ժամ»-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակին:

Տեղեկացնենք, որ վերջին տասնօրյակի ընթացքում էականորեն լարվել է իրավիճակը հակամարտության գոտում, սրացել պաշտոնական հայտարարությունների բառապաշարը: Վերջին շաբաթների ընթացքում հակամարտող կողմերը նաև զոհեր են ունեցել:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նույնիսկ բարձր պարգևատրման է ներկայացրել հակառակորդի կրակից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի մահվան համար պատժիչ գործողություն իրականացրած զինծառայողներին, որը բավականին բուռն արձագանքների ու սպառնալիքների պատճառ է դարձել Բաքվում:

Ավելին՝ Արցախի պաշտպանության նախարարությունն օրերս իրազեկել  էր, որ հունիսի 11-ի օրվա ընթացքում և 12-ի գիշերն ադրբեջանական կողմն է հակամարտ զորքերի շփման գծի մի շարք հատվածներում գործողության մեջ դրել՝ ինչպես տարբեր տրամաչափի հեռահար և դիպուկահար զինատեսակներ, այնպես էլ՝ ՀԱՆ-17 տիպի նռնականետեր:

Բացի դրանից, ըստ ԱՀ-ի, առաջնային գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօթաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, որոնք հաճախ խախտում են սահմանված թռիչքային գոտին:

Նշենք նաև, որ նախօրեին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել էր, որ Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակը հունիսի 13-ի և նախորդ օրվա դրությամբ համեմատաբար կայուն է:

Մի շարք փորձագետներ ուշադրություն են հրավիրում նաև Նախիջևանում թուրք-ադրբեջանական ակտիվության, զորավարժությունների հաճախակիացման և այն հանգամանքի վրա, որ հունիսի 11-ին Նախիջևանում ամփոփվեցին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, որոնք, ըստ նույն փորձագետների, ամեն պահի կարող են վերաճել լայնածավալ մարտական գործողությունների:

Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ հակամարտության գոտում տեղի ունեցողը՝ զոհերը, ավելի ծանր սպառազինության, անօդաչու սարքերի օգտագործումը, դասական էսկալացիա է, և ՀՀ ՊՆ կտրուկ որոշումները ևս պետք է դիտարկել այդ տրամաբանության շրջանակում:

Ըստ նրա՝ դժվար է ասել, թե այս անգամ ինչ սցենարով կզարգանան իրադարձությունները, բայց, ռազմական փորձագետի համոզմամբ, Ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվելու առանց պատերազմական գործողությունների, և պատերազմ կարող է սկսվել թեկուզ հենց այսօր կամ գուցե տասը տարի անց, և դա ըստ էության կախված է հակամարտող կողմերի բարձրագույն ղեկավարությունների մտադրություններից:

«Պետք է կրկնեմ, որ սա նման է էսկալացիայի: Գլոբալ իմաստով՝ ես հասկանում եմ, թե ինչ է ցանկանում ադրբեջանական կողմը, իսկ լոկալ՝ չեմ հասկանում: Հիանալի հասկանում եմ նաև, որ Հայաստանին ձեռնտու է, որ պատերազմը սկսվի ավելի վաղ, քան ուշ, քանի որ ուշը ձեռնտու է Ադրբեջանին, Ադրբեջանն իր ռեսուրսների հաշվին ավելի արագ տեմպերով է ձեռք  բերում սպառազինություն, և ժամանակն աշխատում է Ադրբեջանի օգտին:

Իրավիճակը փոխվում է ոչ հօգուտ Հայաստանի, ուստի Հայաստանին ձեռնտու է ավելի շուտ: Ավելին, եթե հայկական կողմը լինի նախաձեռնող կողմը, ապա նա կտիրապետի նախաձեռնությանը, որը ևս ձեռնտու կլինի ռազմական իմաստով,  ռազմական գործողությունները կընթանան առավելապես հայկական սցենարով»,- ասաց Խրամչիխինը:

Ռուս ռազմական փորձագետն ասաց, որ Ադրբեջանը նաև հետևում է զարգացումներին, որոնք ծավալվում են Հայաստանի ներսում և Երևան-Ստեփանակերտ հարաբերություններում:

Ըստ նրա՝ պատահական չեն նաև զորավարժությունները Նախիջևանում, որով թուրք-ադրբեջանական տանդեմը երկու խնդիր է լուծում՝ թե խորացնում է երկկողմ ռազմական գործակցությունը, թե փորձում իրական սցենարներ մշակել ու անհրաժեշտության դեպքում խաղարկել:

«Հայաստանը պետք է դիտարկի բոլոր հնարավոր վտանգները բոլոր հնարավոր ուղղություններից: Եվ, ինչպես ասացի, լայնածավալ պատերազմի հետաձգումը չի բխում հայկական կողմի շահերից»,- ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ կփոխի ՀՀ ՊՆ Նոր ռազմավարությունը՝ «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ», ինչպես նաև ավելի կտրուկ հռետորաբանությունը, Խրամչիխինը պատասխանեց, որ դա ոչ այնքան զսպող դերակատարություն կարող է ունենալ, որքան արտացոլում է էսկալացիան հակամարտության գոտում:

«Սահմանային միջադեպերի հետևանքով սրվում է կողմերի  հռետորաբանությունը, հնչում են սպառնալիքներ, որոնք այս լարվածության ոգով են»,- նկատեց նա»,-գրում է թերթը: 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news