Պետբյուջեն այսուհետև ավելի մատչելի կլինի քաղաքացու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 9, 24News

պետբյուջե

Այսօր ՀՀ ֆինանսների նախարարությունում հանդիպում է տեղի ունեցել նախարարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների միջև: Այս մասին հայտնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության բյուջեների կատարման հաշվետվությունների վարչության պետ Գայանե Զարգարյանը, հանրային ֆինանսների կառավարման քաղաքականության վարչության պետական ներքին ֆինանսական հսկողության քաղաքականության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Էդգար Մկրտչյանը, բյուջետային գործընթացների կառավարման վարչության պետի ժ/պ Ռուզաննա Գաբրիելյանը և բյուջետային գործընթացի համակարգման և ուժային մարմինների ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ Հեթում Համամճյանը:

Քաղաքացիական հասարակությունից ներկա էին «Թրանսփարենսի ինթերնեյշընլ», Իրավաբանների հայկական ասոցիացիա ու Տնտեսական զարգացման և ուսումնասիրությունների կենտրոն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Է. Մկրտչյանը իր բացման խոսքում ընդգծել է քաղհասարակություն ներգրավվածության կարևորությունը բյուջետային գործընթացում, ինչպես նաև խոսել է պետական բյուջեի և բյուջեի հաշվետվության պարզեցված (քաղաքացու) տարբերակը առավել մատչելի դարձնելու հետ կապված խնդիրների մասին:

Քննարկվել են նաև հանրության համար ՀՀ պետական բյուջեն և բյուջեի հաշվետվությունը հասանելի ու թափանցիկ դարձնելու հետ կապված հարցեր: Ներկայացվել է, որ երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը հանրությանը մատչելի դարձնելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակել և իր պաշտոնական կայքում հրապարակել է ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի համառոտ ուղեցույցը, որը կայքէջում ստանալու է «Քաղաքացու բյուջե» անվանումը: Բացի այդ, հրապարակել է 2018 թվականի պետական բյուջեի պարզեցված հաշվետվություն:

Հանդիպման ժամանակ կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են տարբեր առաջարկություններ: Մասնավորապես, առաջարկել են «Քաղաքացու բյուջե» բաժնում ոլորտ առ ոլորտ ներկայացնել իրականացված ծրագրերը, որպեսզի հանրության համար հասկանալի լինի, թե ինչպես են ծախսվում հարկի տեսքով բյուջե մուտքագրվող գումարները:

«Մեր նպատակը հասարակությանը ծառայելն է, այնպես անել, որ հանրությանը հասկանալի դառնա պետական բյուջեի ծախսերի մասին իրեն հետաքրքրող տեղեկությունները», -ասել է Գայանե Զարգարյանը: Բացի այդ, «Թրանսփարենսի ինթերնեյշընլ» ՀԿ-ի ղեկավար Վարուժան Հոկտանյանի կողմից բարձրացված այն հարցին, թե Քաղաքացու բյուջեն և պարզեցված հաշվետվությունը ՀՀ ՖՆ կայքում գտնելը դժվար է, Գայանե Զարգարյանը պատասխանել է, որ մոտ ժամանակներս այդ հարցը ևս կլուծվի, և այն տեսանելի կլինի կայքի հենց առաջին էջում:

Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ, մասնավորապես քաղհասարակության կողմից ներկայացվելիք առաջարկությունների հիման վրա կվերանայվեն պարզեցված բյուջեի և հաշվետվության ձևաչափերը՝ բարձրացնելով վերջիններիս կիրառելիության աստիճանը:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news