Ստամբուլյան կոնվենցիայի թեման պիտի օրակարգից դուրս լինի. մեր կնիքը մեր եկեղեցին է․ քահանա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 24News

տեր
24News-ի զրուցակիցն է Դադիվանք համալիրի հոգևոր հովիվ տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը:

- Տե՛ր Հայր, այս օրերին քննարկվում է «Բարձագույն կրթության մասին» օրենքի նախագիծի աշխատանքային տարբերակը, որ ենթադրում է հայոց լեզվի ուսուցանումը ոչ պարտադիր դարձնել բուհերի համար: Ընդունելի՞ մոտեցում է Ձեզ համար:

- Մեր հարևաններն իրենց լեզուն, իրենց մշակույթը, իրենց պատմիչներին անընդհատ երկինք են հանում, իսկ մե՞նք։ Ի՞նչ ենք ուզում անել, երբ մեր լեզուն, մեր մշակույթը հանենք, ի՞նչ ենք դրա փոխարեն ստանալու։ Մեր երեխաներին մանկուց պետք է դաստիարակենք Հայ Առաքելական եկեղեցու կանոնները, ավանդույթները, սովորույթները: Ես վստահ եմ, որ մեր այս փոքր երկրին ցանկանում են շաղախել այլ երկիի հետ, որ վերանա հայ ազգը, ինչը միանշանակ չի ստացվի: Դարերով պահպանել ենք մեր լեզուն, ու այն առաջնային է մեզ համար։

-Տե՛ր Հայր, անընդհատ շահարկվող թեմաներից է նաև Ստամբուլյան կոնվենցիան, սրա մասի՞ն ինչ կասեք:

-Չեմ ուզում անդրադառնալ այդ թեմային, ու, առհասարակ, դա ի՞նչ է, որ մենք անընդհատ շրջվել ու դրա մասին ենք խոսում, քննարկում: Քննարկելու բան չկա այստեղ, ավելորդ խոսակցություններ են։ Եթե մենք հայ քրիստոնյա ենք, հայ առաքելական եկեղեցու զավակներ ենք, ապա դա պետք է դուրս լինի մեր օրակարգից:

- Դադիվանքի վանականա համալիրը, փաստորեն, շենացրել եք թշնամու նշանառության տակ:

- Ոսկին մինչև կրակներով չի անցնում, չի թրծվում, իր փայլը չի տալիս։ Արցախի ժողովուրդը մեծ կրակներով է անցել ու իր փայլը տալիս է այսօր։ Վստահաբար ասում եմ՝ չկա մի մարդ, որ կանչենք ու հարցնենք՝ ուզո՞ւմ եք, մեր հողերի մի մասը վերադարձվի թշնամուն, ու նրանք դրական պատասխան տան: Բոլորը դեմ են արտահայտվում։ Բոլորը՝ մեծից փոքր, պատրաստ են պահել այս սուրբ հողը, որ մեզ Աստված է տվել:

- Վերջին մեկ տարվա ընթացքում Առաքելական եկեղեցին մի քանի փորձության միջով անցավ: Տեսակետ կա նաև, թե իշխանություններն այդքան էլ բարիդրացիական հարաբերությունների մեջ չեն եկեղեցու հետ:

- Մի մեծահարուստ մարդ սերմեր ցանեց պարարտ հողի վրա։ Երբ այդ սերմերը ծլեցին, հասկը մեծացավ, տեսան՝ դրա մեջ որոմ կա: Սերմը ցանողները դիմեցին իրենց տիրոջը, որ թույլ տա արտը մաքրել որոմից: Բայց նրանց տերն արգելեց այրել մոլախոտն ու ասաց, թե սպասեք՝ հունձի ժամանակ կհավաքենք ու կայրենք դրանք: Հիմա այն, ինչ տեղի է ունենում, չարի գործ է: Իսկ երբ մենք չենք աղոթում, հեռանում ենք չարից, չարը մտնում է մեր մեջ ու սկսում է անել իր սև գործը: Եկեղեցու խաչքարերն են պահպանել մեր հավատքն ու մշակույթը։ Եվ այսօր, երբ ամբողջ աշխարհին կարողանում ենք ապացուցել մեր՝ առաջին քրիստոնյա լինելու հանգամանքն ու փակել ազերիների բերանը, դա կարողանում ենք անել մեր հավատքի միջոցով: Մեր դրոշմը, մեր կնիքը եկեղեցին ու խաչքարերն են։

Վրույր Սևակ