ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 12, 24News
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 02:30-ի սահմաններում DAF մակնիշի իրանական համարանիշներով բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ դեպի Երևան ընթանալիս, Չիվա գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, տապալել դրանք և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում՝ ապառաժ քարերի վրա:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում կատարել են դիզվառելիքի հեռացման աշխատանքներ, քանի որ կողաշրջման հետևանքով դիզվառելիքի արտահոսք է սկսել և սահմանազատել են տարածքը:
Փրկարարները և դեպքի վայր ժամանած Եղեգնաձորի հիվանդանոցի բժիշկները տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, հայտնելով, որ իրեն լավ է զգում:
Ժամանել է նաև մարզի ոստիկանապետ Արմեն Գասպարյանը:
Քանի որ ավտոմեքենան բարձված է եղել ապրանքներով, ողջ գիշեր տեղում ծառայություն են կատարել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչները, մինչև կժամանեն Իրանի ներկայացուցիչներն իրենց թարգմանչի հետ և դեպքի վայր կբերվի 2 վերամբարձ կռունկ, որպեսզի կարողանան ավտոմեքենան դուրս բերել անվտանգ վայր: