«Գնում ենք Ս․ Ղազար կղզի»․ Փաշինյանն այցելում է ջրհեղեղից տուժած Մխիթարյան միաբանությանը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

Նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Իտալիա: Այս պահին վարչապետի գլխավորած պատվիրակությունը Սուրբ Ղազար կղզու ճանապարհին է։ Այդ մասին տեղեկանում ենք վարչապետի ֆեյսբուքյան ուղիղ եթերից։

«Գնում ենք Սուրբ Ղազար կղզի՝ զորակցություն հայտնելու ջրհեղեղից տուժած Մխիթարյան միաբանությանը»,-ուղիղ եթերին կից գրել է Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը մեկնարկում է Վենետիկ քաղաքից։ Այնուհետև վարչապետը կմեկնի Միլան: Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նիկոլ Փաշինյանը կայցելի Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտ՝ ISPI ուղեղային կենտրոն, որտեղ հանդիպում կունենա Միլանի քաղաքապետ Ջուզեպպե Սալայի հետ և կմասնակցի «Dialogue on Future» խորագրով քննարկմանը: Միլանում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Լոմբարդիայի կառավարության, ինչպես նաև Իտալիայի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ և կմասնակցի հայ-իտալական համատեղ գործարար համաժողովին:

Միլանից ՀՀ վարչապետը կմեկնի Հռոմ, որտեղ հանդիպումներ կունենա Իտալիայի բարձրագույն ղեկավարության հետ: Հռոմի Կիջի պալատում՝ Իտալիայի վարչապետի պաշտոնական նստավայրում, տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեի հետ: Հանդիպումից հետո երկու երկրների վարչապետները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Հռոմում Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի և Իտալիայի արտաքին առևտրի ինստիտուտի նախագահ Կառլո Ֆերոյի հետ։ 

Հռոմում նախատեսվում է նաև վարչապետի և նրա տիկնոջ այցը Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցի և Քահանայապետական Լևոնյան վարժարան: