Վարդան Ղուկասյանը կհարցաքննվի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News 

Վարդան Ղուկասյան

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շուտով հարցաքննության կհրավիրվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

Ղուկասյանը հարցաքննվելու է «Թումո» կենտրոնի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում, որը վերաբերում է «Թումո»-ին տրված Գյումրու քաղաքային զբոսայգում առկա շինությունների մասին է:

Ըստ դատախազի՝ վիճարկվում է Վարդան Ղուկասյանի կողմից այգում որոշ տարածքների եւ շինությունների ապօրինի օտարման հարցը: Հարուցված է քրեական գործ ՀՀ ՔՕ 308 հոդվածի և 314 հոդվածի հատկանիշներով: Քրեական գործի շրջանակներում, ըստ դատախազի, պարզել են նաեւ, որ Ղուկասյանի կողմից տարբեր անձանց օտարված շինություններ կան, որոնք գտնվում են Կումայրի արգելոց-թանգարանի կազմում:  Հատկացման իրավաչափությունն ու հիմնավորվածությունը պարզելու համար նշանակվել են դատաշինարարատեխնիկական, դատաապրանքագիտական փորձաքննություններ: Խոսքը նաև Ղուկասյանների ընտանիքին պատկանող «Օազիս» սրճարանին է վերաբերում:

Հարցին, թե արդյոք Վարդան Ղուկասյանը հարցաքննվել է, դատախազն ասել է, որ դեռ չի հարցաքննվել։ Նա նշել է, որ առևերույթ խախտումներ տեսել է, ինչի համար հարուցվել է քրեական գործ, սակայն վերջնական գնահատականի համար անհրաժեշտ է փորձաքննության վերջնական եզրակացություն, այնուհետ կորոշվի անձանց մեղադրանք առաջադրելու հարցը։

 Վարդան Ղուկասյանի՝ քաղաքապետ եղած տարիներին այլ գործողություններ էլ կան իրականացված, որոնք ևս դատախազության ուշադրության կենտրոնում են։