Վատ աշխատելը պոզով-պոչո՞վ է լինում․«Լույսն» ահազանգում է քաղաքապետարանի թերացումների մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

հասարակական

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ահազանգում է՝ քաղաքապետարանի 2019-ի բյուջեն և դրանից բխող աշխատանքները թերակատարվել են այնպիսի ծավալներով, որպիսիք չեն եղել վերջին տարիների ընթացքում։ Ավելին՝ թերակատարումը գերազանցում է անգամ 2018-ի տվյալներին, երբ ամիսներ շարունակ մայրաքաղաքը քաղաքապետ չուներ, ընտրական անցումային շրջան էր։

24News-ի հետ զրույցում նա մանրամասնեց, թե, օրինակ, մանկապարտեզները պետք է հիմնանորոգվեին 1․4 միլիարդ դրամի չափով, բայց նախատեսված աշխատանքի ընդամենը 10-ը տոկոսն է կատարվել։ Զբոսաշրջության զարգացման համար նախատեսված աշխատանքները, ըստ «Լույսի» ուսումնասիրության, կատարվել են ընդամենը 15 տոկոսով, թեքահարթակները կառուցվել են ընդամենը 27 տոկոսի չափով և այսպես շարունակ։

«Ինչ վերաբերում է ոռոգման ցանցի կառուցման աշխատանքներին, ապա դրանք աշխատանքները պարզապես չեն կատարվել։ Անհրաժեշտ նախագծերը չեն պատվիրվել, աշխատանքները պատշաճորեն չեն պլանավորվել։ Ավելին՝ բնապահպանության վարչությունը մինչ այս պահը պետ չունի։ Վատ և անարդյունավետ կառավարումը պոզով-պոչո՞վ է լինում», - նշում է մեր զրուցակիցը։

24News-ի դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում օրերս խոսել էր Երևանի քաղաքային տրանսպորտի նոր ցանցի, և մասնավորի՝ նոր ավտոբուսներ ձեռք բերելու մասին, Խաժակյանն արձագանքեց՝ հղում անելով իր ունեցած տեղեկություններին, այն է՝ կառավարությունը հրաժարվել է երաշխավորել վարկային միջոցների տրամադրել, ինչը պետք է ուղղվեր 100 ավտոբուսներ գնելուն։ Ավելին՝ քաղաքապետը խոստացել էր մինչև փետրվարի վերջ մրցույթ հայտարարել, ինչը նույնպես կարելի է դասել չկատարած խոստումների ցանկին։

Անդրադառնալով քաղաքապետ Հայկ Մարությանի հերթական ու անակնկալ կերպով արձակուրդ գնալու հանգամանքին՝ խմբակցության ղեկավարն ընդգծեց․

«Սովորաբար հաղորդագրություն է տարածվում, երբ ընտրովի պաշտոն զբաղեցնող անձն արձակուրդ է գնում, բայց սրա մասին նորից ներքին խոսակցություններից ենք տեղեկացել։ Այդուհանդերձ, գործունեության արդյունավետության մասով քաղաքապետի ներկայությունը կամ բացակայությունը շատ բան չի փոխում»։

Վրույր Սևակ