Անտեսանելի պատերազմը

Հիսուս
ԵՐԵՒԱՆ, 28 ՄԱՐՏ,  24News

"Ղազարոս անունով մի աղքատ մարդ կար, որին ոչ ոք չէր ուզում ճանաչել, բայց  Աստված նրան անունով էր ճանաչում։ Մի մեծահարուստ մարդ կար, որին բոլորն էին ճանաչում, բայց Աստված նրա անունն իսկ չէր ուզում հիշել։"

Ղուկասի Ավետարան 

Մոլորակն իր տիեզերական մակընթացության մեջ էր, և չէր սպասում փոփոխության այս սրընթացությունը, որի մեջ ընկած է հիմա: Փոփոխվող ժամանակի հաշվիչը աշխատում է ոչ թե օրերի, այլ ժամերի ռիթմով: 

Մոլորակի այսօրվա բնակչությանը թվում էր, թե նա անպարտելի է, ու որ նորագույն տեխնոլոգիաներն և փողի առատությունը կփրկեն նրան ամեն ինչից: Եվ նորից մոլորյալ մարդը մոլորվեց: 

Արագացող ժամանակի մեջ աշխարհը փոքրացավ, ու վրա հասած համաճարակը օրերի մեջ փոխում է մարդկության կյանքի դեմքը: Իշխանավարող անհատների ղեկավարությամբ բնակչությունը ստիպված ընդունեց իրեն պարտադրված անտեսանելի պատերազմը: 

Յուրաքանչյուր պայքար նշանակում է նյարդային էներգիայի գերլարում, հաշվարկի հատվածականություն, ռիսկի բաղադրիչի չափում, զոհաբերություն և հերոսություն: Սակայն, երբ թշնամին երևացող է և հստակ` պրոցեսը առարկայական է դառնում, ու կյանքի են կոչվում ստրատեգիայի, տակտիկայի բազմադարյան ու չժանգոտող զինանոցները, որտեղ գործող անձինք ընտրություն կատարելու մեծ հնարավորություն ունեն, ինչպես նաև` դրսևորվելու շանս: Սակայն այսօր պատկերն այլ է: Մարդը նսեմացված է և այն էլ այն ժամանակ, երբ պատմական կտրվածքով գտնվում է իր հնարավորությունների առատության ամենաբարձր մակարդում` նյութական առումով: Այսօրվա թշնամին չունի դեմք` ունի անուն և հետևանք, որի դեմ այս հզոր ու հագեցած աշխարհը դեռ որ ոչինչ չի կարողանում ձեռնարկել: Հայտնվեց գրիպացեղ մի վարակ, ու ժամերի ընթացքում մարդկությունը չոքեց: Կառավարող հարթակներից հնչեցին ուշացած հայտարարություններ և կատարվեցին շփոթված գործողություններ: Դեռ որ միակ հրաման-հորդորը մարդու ինքնամեկուսացման մասին է եղել: Ուրիշ բան չկա: Անշոշափելի վիրուսը անջատեց շոշափելիների բնական դինամիկան` աշխարհը զրկվեց սիրո և գրկախառնության դրսևորումների ցուցաբերման հնարավորությունից։ Մարդն իր հաշվին ենթարկվեց բանտարկության և մղվեց էլ ավելի խորանալու վիրտուալ աշխարհում, համացանցի անծայրածիր տիրույթում, որը վաղուց ու աննկատ (ևս մեկ անտեսանելի պատերազմ) գրավել է իրական կյանքի տեղը: 

Պետությունների, երկրների, ազգերի պատերազմներում, երբ տրագեդիան ու հերոսականությունը գնում են կողք-կողքի, ուս-ուսի, բոլորի համար ամեն ինչ հասկանալի է, և հանունի գաղափարը սնուցում է կռվողների ինքնագիտակցությունը: Սակայն հիմա պատկերն ուրիշ է: Հիվանդությունը, երբ առաջին անգամ բարևեց Չինաստանից, գրեթե ոչ ոք լրջորեն ուշադրություն չդարձրեց: Եվ երբ այն արագորեն գոտևորեց մոլորակը, նոր սկսվեցին ինքնապաշտպանական մարմնաշարժությունները: Սա մի պատերազմ է, որտեղ մարդ էակը հարձակվելու հնարավորություն չունի, և իր պաշտպանությունն էլ անկատար է սպահովում, քանի որ թույնի դեմ հակաթույն դեռ չկա։ Միակ տեսանելի հերոսները, դեռևս, բժիշկներն, անձնակազմն և կամավորներն են,  որոնք առաջին գծի մարտիկների պես փորձում են փակել հիվանդության ներխուժումը: Այսօր կենդանի պատ սա է նշանակում: Իրավիճակի բնութագրիչը վախն է: Եվ վախից առավել հզոր միայն վախն է լինում: Անկանխատեսելիությունը, զոհերի թվի աճը, պանդեմիայի հաղթարշավի անկանգառ ընթացքը հասցնում են սարսափի շեմին, ինքնամեկուսացման շարունականությունը` խենթանալու սահմանին, միշտ զգոն լինելու պարտադրանքը հյուծում է ներքին համակարգը: Սա փորձություն է` Երկրորդ Համաշխարհայինից հետո ամենամեծը, ապրող մարդկանց համար ամենաանսովորը, և մարդը, անկախ երբ լիարժեքորեն կունենա դեղ-զենքը, առաջին հերթին պիտի հասկանա փորձության իմաստը: 

Ուշադիր հետևենք, թե հետևանքը որտեղ է հասնում: Մեծ Պահքի շրջանում դատարկվեց Սուրբ Պատարագների մարդաշատությունը: Քրիստոնյայի համար սա տարվա կարևորագույն շրջանն է, և հաշվի առնելով, որ ոչինչ պատահական չի լինում. հոգևոր առումով պատկերն էլ ավելի պարզ է դառնում:  

Մարդկությունը ճարպակալել էր սեփական ցանկությունների յուղից, ընկել ինքն իր հետևից, հանուն սեփական ես-ի բավարարման ճխլում էր ամեն ինչ: Մարդը մոռացել էր մարդուն, այնպես, ինչպես Չեխովն է նկարագրել (Человека забыли): Եվ հիմա, երբ Ամերիկայում դպրոցներում վերականգնում են աղոթքը, Ռուսաստանում ուզում են Բարձրյալի անունը ներառել Սահմանադրության մեջ, Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Վարդարանով աղոթքի է բարձրանում, Աթոս լեռան վրա վանականները ուղղափառ համրիչներով ամենօրյա աղոթքն են սկսում, մեր Վեհափառի հրահանգով դուրս է հանվում Սուրբ Լուսավորչի աջը, և առհասարակ, երկրագնդի հոգևոր առաջնորդներն ու այրերը աղոթասացության գործընթացի և կոչի մեջ են, մարդը պիտի սթափվի ու գիտակցի, որ աշխարհում գոյություն ունեցող առարկայական, նյութական ռեսուրսները իրեն չեն կարող օգնել, որ նրա հիմիկվա բանտարկությունն իր իսկ ազատության սխալ տնօրինման պատճառն ու հետևանքն է: 

Երբ դեռ ոչինչ պարզ չէ, և իրավիճակը մնում է անորոշության մեջ. հավատքն էլ ավելի պիտի զորանա` դա է նրա բնութագրությունը. «Հավատ` նշանակում է վստահ լինել այն բաներին, որոնց հանդեպ հույս ունենք, և համոզված լինել այն բաներին, որոնք չեն երևում»՝ Պողոս առաքյալի նամակը եբրայեցիներին 11:1: 

Անտեսանելի այս պատերազմում անշոշափելի հակառակորդի դեմ պայքարենք մեր իսկ անտեսանելի զենքով, որն ամենից շոշափելին ու առարկայականն է` աղոթքով: Այն մարդկությանը տրված ամենահզոր ու արդյունավետ միջոցն: Հավանաբար իր անկումը չնկատող մարդը պիտի հայտնվեր այսպիսի անելանելի վիճակում, որպեսզի յուր հայացքն ճիշտ ուղղության վրա ուղեր, սրտի աշխատանքը կարգավորեր և հոգին մաքրեր: 

Տեր Հիսուս Քրիստո'ս, ողորմիր մեզ: 

Նկարը՝ «Քրիստոս՝ շրջապատված հիվանդներով», Ռեմբրանդ, 1649 թ.։ 

Ռուբեն Վարդանյան 

պատմաբան, հրապարակախոս