Առաջին Հանրապետությունից՝ 102 տարի անց...

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

բար1

102 տարի առաջ՝ 1918 թվականի մայիսի 28-ին, մայիսյան հերոսամարտերից հետո` Սարդարապատ, Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա, ծնվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը:

1918 թ. մայիսի 28-ին՝ Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո, «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայկական Հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը): Այն ժողովրդավարական, խորհրդարանական մոդելի հանրապետություն էր,  ստեղծվել է Ռուսական կայսրության փլուզման արդյունքում Անդրկովկասյան սեյմի կազմալուծումից հետո: Հռչակման պահին Հանրապետության տարածքը 12 հազար քառ. կմ էր, բնակչությունը՝ 700 հազար, 1919 թ-ին՝ համապատասխանաբար՝ 60 հազար քառ. կմ և 961,7 հազար մարդ: Մայրաքաղաքը Երևանն էր:

Անկախ Հայաստանի առաջին վարչապետը Հովհաննես Քաջազնունին էր։ Անկախության տարեդարձի օրը՝ 1919-ի մայիսի 28-ին, կառավարությունը՝ Ալեքսանդր Խատիսյանի գլխավորությամբ, Հայաստանը հռչակեց Անկախ և Միացյալ Հանրապետություն: Հայաստանի ազգային դրոշ ընտրվեց եռագույնը՝ կարմիր, կապույտ, նարնջագույն:

1

Անկախության հռչակման պահին տարածքների զգալի մասը բռնազավթված էին թուրքական զորքերի կողմից, որոնք արդեն գտնվում էին Էրիվանի մոտ: 1918-ի գարնանը թուրք-անդրկովկասյան պատերազմը վերաճում է թուրք–հայկականի: Մայիսի 15-ին թուրքական զորքերը գրավում են Ալեքսանդրապոլը (ներկայիս Գյումրի) և սկսում նախապատրաստվել Երևանի գրավմանը:

Մայրաքաղաքի պաշտպանությունը հանձնարարվում է գեներալ Մովսես Սիլիկյանին: Նա կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցին անվտանգությունն ապահովելու նպատակով առաջարկում է հեռանալ Սևանի ուղղությամ: Սակայն կաթողիկոսը ոչ միայն չի հեռանում Սբ Էջմիածնից, այլև կարգադրում է կոչնակ հնչեցնել բոլոր եկեղեցիներում ժողովրդին թուրքերի դեմ պայքարի ելնելու հորդորով: 

Մայիսի 22-ին հայկական զորքը գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանի հրամանատարությամբ, սկսում է Սարդարապատի (ներկայիս Արմավիր) ուղղությամբ լայնածավալ հակահարձակողական գործողություններ։ Սարդարապատի ճակատամարտի օրերին (մայիսի 21-29) թշնամին տալիս է 3500 սպանված և նահանջում մոտ 60 կմ: Բաշ Ապարանի ճակատում ջախջախվում է հակառակորդի 2 գունդ և ոչնչացվուն ծանր հրետանին:

1

Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում հայկական զորքերի տարած հաղթանակները ձախողում են հայերին վերջնականապես բնաջնջելու երիտթուրքերի ծրագիրը և վերացնում հայ ժողովրդի գլխին կախված ֆիզիկական ոչնչացման վտանգը:

Առաջին հանրապետությունը գոյատևեց ընդամենը 2 տարի՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը խորհրդայնացավ։